ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարետ Հարիսն այսօր ասել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը չվարակվելու հարյուր տոկոսանոց երաշխիք չեն՝ անդրադառնալով Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆեռնանդեսի՝ «Սպուտնիկ V» պատվաստվելուց հետո կորոնավիրուսով վարակվելու փաստին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ հնարավոր է՝ մարդը պատվաստվի, բայց արդեն ախտահարված լինի: Այդ դեպքում COVID-19-ի զարգացման հավանականությունը բարձր է: Հնարավոր է նաեւ վարակվել պատվաստվելուց հետո առաջին մի քանի օրվա ընթացքում։
ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը կորոնավիրուսի դեմ պատվաստվածներին խորհուրդ է տվել շարունակել պահպանել կանխարգելիչ միջոցառումները, դիմակ դնել եւ սոցիալական հեռավորություն պահել:
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ի գիշերը Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆեռնանդեսը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ կորոնավիրուսի իր թեստը դրական է եղել: Նա հայտարարել է, որ իր վիճակը ծանր կլիներ, եթե ավելի վաղ չպատվաստվեր «Սպուտինկ V»-ով:
Պատվաստանյութի արտադրողը՝ ՌԴ-ի առողջապահության նախարարության Գամալեյայի անվան կենտրոնը, մեկնաբանելով Ֆեռնանդեսի հարապարակումը, հայտարարել է, որ վարակվելու դեպքում «Սպուտինկ V»-ով պատվաստվածը հիվանդությունն անհամեմատ թեթեւ է տանում, արագ էլ ապաքինվում: