ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցին: Ըստ դիվանագետի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ակնկալում է առաջիկա օրերին հեռախոսազրույց ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։
Հիշեցնելով նախորդ տարի ԱՄՆ-ի միջնորդությամբ անցկացված հանդիպումների մասին՝ Փրայսը նշել է, որ ԱՄՆ-ը մտադիր է անել այն, ինչ առավել օգտակար է: «Իհարկե, վերջին ժամանակներս տեսնում ենք հետընթաց, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Ցանկանում ենք, որ կառուցողական երկխոսությունը վերականգնվի: Պատրաստ ենք երկկողմ համագործակցության: Պատրաստ ենք գործակցելու գործընկերների, կողմերի կամ ԵԱՀԿ-ի միջոցով կամ անել դա եռակողմ, ինչպես արել ենք նախկինում»:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի պաշտոնաթողությանը՝ Նեդ Փրայսը նշել է, որ գերատեսչությունում կան մի շարք անհատներ, ներառյալ պետքարտուղար Բլինքենը, որոնք խորապես ներգրավված են գործընթացում: «Սա նրա անձնական առաջնահերթությունն է։ Բայց մարդիկ, ինչպիսիք են Թորիա Նուլանդը, Քերըն Դոնֆրիդը, Եվրոպայի եւ Եվրասիայի գործերի բյուրոյի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, խորապես ներգրավված կլինեն դրանում»,- նշել է պետքարտուղարության խոսնակը:
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ հանդիպման անցկացումը երկրների ղեկավարների կամ արտգործնախարարների մակարդակով կորոշեն Հայաստանն ու Ադրբեջանը: