Առողջապահության համաշխարհային կազմակերպության շաբաթական համաճարակաբանական տեղեկագրի համաձայն կորոնավիրուսով վարակման դեպքերը շարունակում են աճել վեցերորդ շաբաթն անընդմեջ:
Մարտի 29-ից ապրիլի 4-ն աշխարհում ավելի քան 4 միլիոն դեպք է հայտնաբերվել, նախորդ յոթ օրվա համեմատ կորոնավիրուսով վարակման դեպքերն աճել են 5%-ով, մահացությունը՝ 11%-ով. վերջին յոթ օրում աշխարհում մահացել է ավելի քան 71 հազար մարդ:
Ապրիլի 4-ի դրությամբ ախտահարվել է 130 459 184 մարդ, մահացել՝ 2 842 325 մարդ: Մարտի 29-ից ապրիլի 4-ը վարակման աճն առանձնապես նկատելի է եղել Հարավ-արեւելյան Ասիայում (36%), Արեւմտա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (25 %) եւ Արեւելյան Միջերկրականում (10 %):
Մահացությունն աճել է՝ Հարավ-արեւելյան Ասիայում (46%-ով), Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում (15%-ով), Արեւելյան Միջերկրականում (7%-ով), Արեւմտա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (5%-ով), Եվրոպայում (2%-ով): Միեւնույն ժամանակ կորոնավիրուսով վարակման դեպքերն Աֆրիկայում 20%-ով կրճատվել են:
Եվրոպայում յոթ օրում վարակվել է 1,6 միլիոն մարդ, մահացել՝ 24 հազարը: Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում արձանագրվել են ախտահարման ավելի քան 1,3 միլիոն եւ շուրջ 37 հազար մահվան նոր դեպքեր:
Հարավ-արեւելյան Ասիայում հայտնաբերվել են ավելի քան 592 հազար ախտահարված, մահացել է ավելի քան 4 հազար մարդ: Հնդկաստանում վարակվածների թիվը մեկ շաբաթում ավելացել է ավելի քան 513 հազարով:
Կորոնավիրուսով վարակման դեպքեր են արձանագրվել համապատասխանաբար՝ Բրազիլիայում (513 հազար), ԱՄՆ-ում (444 հազար), Թուրքիայում (265 հազար), Ֆրանսիայում (244 հազար), Լեհաստանում (187 հազար), Իտալիայում (137 հազար), Գերմանիայում (112 հազար), Ուկրաինայում (101 հազար), Արգենտինայում (82 հազար), Իրանում (73 հազար) եւ Ռուսաստանում (61 հազար):