Ըստ Deutsche Welle-ի՝ Շվեդիայում երկու եղբայրներ մեղավոր են ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության համար։ Նրանցից մեկը դատապարտվել է ցմահ, մյուսը՝ ինը տարի եւ տասն ամիս բանտարկության։ Դատավճռով՝ եղբայրներից մեկը մեղավոր է ճանաչվել ծանրացուցիչ հանգամանքներում լրտեսության, մյուսը՝ նաեւ գաղտնի տեղեկությունները չթույլատրված ձեւով գործածելու համար։
Եղբայրները ձերբակալվել են դեռ անցյալ տարվա աշնանը։ Նրանց վերագրվում են Շվեդիայի անվտանգության եւ հետախուզական ծառայությունների դեմ ուղղված գործողություններ։ Եղբայրները 10 տարի շարունակ գաղտնի տեղեկություններ են հաղորդել Ռուսաստանի գլխավոր հետախուզական ծառայությանը։
Ամբաստանյալներից մեկի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը տարիներ շարունակ աշխատել է շվեդական կառավարության համար՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, եւ մշտապես ջանացել է աշխատանքային պարտականությունները բավականին բարդ պայմաններում առավելագույնս բարեխղճորեն կատարել։
Aftonbladet շվեդական պարբերականը հայտնել է, որ եղբայրները Շվեդիայի պետական անվտանգության ծառայության եւ ռազմական հետախուզության աշխատակիցներ ծնունդով իրանցի 42-ամյա Պեյման Կիան եւ 35-ամյա Պիյամ Կիան են։ Նրանք, մանուկ հասակում տեղափոխվելով Շվեդիա, քաղաքացիություն են ստացել 1994 թվականին։
The Associated Press-ի տեղեկություններով՝ եղբայրները 2011-ից մինչեւ 2021-ի սեպտեմբերի 20-ը համագործակցել են ռուսական հետախուզության հետ։