«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 36-րդ՝ «Հերթական նիստերի գումարման կարգը» հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ազգային ժողովի հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստերը, որպես կանոն, գումարվում են երկուշաբթիից հինգշաբթի, իսկ մյուս հերթական նիստերը՝ երեք շաբաթը մեկ՝ երեքշաբթիից ուրբաթ, սակայն ոչ ուշ, քան Կանոնակարգի 35-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետների ավարտը»:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «1-ին մասում նշված ժամկետներում օրակարգային հարցերի քննարկումը չավարտվելու դեպքում հերթական նիստերը շարունակվում են մինչև դրանց քննարկումն ավարտվելը, սակայն ոչ ավելի, քան երեք օր, և ոչ ուշ, քան Կանոնակարգի 35-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետների ավարտը»:
Այսինքն՝ ենթադրվում է, որ երկրի համար կարեւորագույն օրենքների քննարկումներն այնքան բուռն ու կառուցողական պիտի լինեն, որ չորս օր կտեւեն, իսկ երբեմն էլ անհրաժեշտություն կառաջանա քննարկումների համար լրացուցիչ երեք օր հատկացնել։
Իսկ ի՞նչ է կատարվում այսօրվա Ազգային ժողովում։
Դիտարկենք միայն այս տարվա հունվարի 16-ից սկսված առաջին նիստերի օրինակով։ Օրակարգում ընդգրկված էր 24 օրինագիծ, ինչպես նաեւ Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը։ Ընդ որում՝ միայն «Պետական գաղտնիքի մասին» օրինագծին կից փաթեթում 51 այլ օրենքներում փոփոխությունների նախագծեր էին։ Կային էլի կից փաթեթներով նախագծեր։ Եթե բոլորը հաշվենք, 90-ից ավելի նախագիծ էր ստացվում։
Եվ ի՞նչ։ Ըստ նիստերի արձանագրության՝ բոլոր այդ օրինագծերը մեկ օրում՝ հունվարի16-ին, քննարկվել են, իսկ հունվարի 17-ին ընդունվել կա՛մ առաջին ընթերցմամբ, կա՛մ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ։ Հընթացս հունվարի 17-ին նաեւ Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրություն է կատարվել։ Քառօրյայի օրակարգը մեկուկես օրում սպառվել է, եւ եթե չլինեին նիստերի երկրորդ օրվա հայտարարությունների եւ երրորդ օրվա՝ Կառավարության հարցուպատասխանի ժամերը, ապա պատգամավորները, գործն ավարտած համարելով, կգնային իրենց տաքուկ սենյակները՝ սուրճ-բան խմելու, ներիշխանական ինտրիգներից բամբասելու։
Փաստորեն մեր կարկառուն օրենսդիրները մտքի գիգանտներ են, 24 հիմնական եւ մոտ 70 հարակից օրինագիծ շատ արագ յուրացնում են, ընկալում, տեսնում, որ դրանք հիանալի են, աննման, աննախադեպ եւ օգտակար, դրա համար էլ համարյա հարց չունեն, կարծիք՝ նույնպես։
Իհարկե, էդպես չի։ Մոտեցե՛ք ՔՊ-ական որեւէ պատգամավորի եւ հա՛րց տվեք նախագծերից ցանկացածի վերաբերյալ։ Համոզված եմ՝ լոլոներից բացի այլ բան չեք լսի։ Որովհետեւ օրինագծերին կողմ քվեարկածների 90 տոկոսը դրանք չի էլ կարդացել եւ դրա կարիքը չունի։ Նրան ասել են՝ «կողմը» երեք կոճակներից ձախն է, ա՛յ, դա կսեղմես։ Սեղմել է։ Բա հո իզուր աշխատավարձ ու պարգեւեավճար չի՞ ստանալու։
Քննարկված 24 օրինագծից 20-ի հեղինակը ՀՀ Կառավարությունն է։ Եվ ստացվում է, որ Ազգային ժողովը կառավարության ներկայացրած ամեն ինչն ընդունում է հեշտ ու հանգիստ։ Այսինքն՝ Ազգային ժողովը, որ ըստ ՀՀ Սահմանադրության պետք է նաեւ վերահսկողություն իրականացնի գործադիր իշխանության նկատմամբ, վերածվել է նրա կցորդի եւ ներկայացրած օրինագծերի «կողմ» դակիչի։
Ընդ որում՝ դա հենց ենթադրվում է այն Սահմանադրությամբ, որով իբր պիտի խորհրդարանական կառավարման համակարգ լինի։ Բայց սա խեղաթյուրված համակարգ է, որովհետեւ գործող օրենսդրությամբ միշտ որեւէ ուժ (այսօր դա ՔՊ-ն է, վաղը կարող է լինել ԾԿ-ն կամ ԽՄԿԿ-ն) ունենում է այնպիսի մեծամասնություն, որ ոչ մի ընդդիմություն չի կարող արգելափակել որեւէ օրենքի ընդունում, եթե դեմ կամ ձեռնպահ քվեարկի կամ ընդհանրապես չքվեարկի։ Այս համակարգում խորհրդարանական ցանկացած ընդդիմության ցանկացած առաջարկություն մեծամասնությունը միշտ մերժում է։
Եվ ահա թե ինչու սահմանադրական փոփոխությունների գործընթացի պատրանք ստեղծելով՝ իշխանությունը չի հրաժարվելու նման համակարգից։ Որովհետեւ սա մեկ ուժի բացարձակ իշխանությունը պահպանելու իրենց շանսն է։
Գիտեմ, հիմա ինձ կասեն՝ էս ինչի՞ց ես խոսում, երբ մեկ օրում 15 զինվոր հրի ճարակ է դարձել։ Պատասխանեմ ցավով. նման դեպքերից չենք խուսափելու, քանի դեռ ստեղծված համակարգում վարչապետի աթոռը զբաղեցնողը ոչ մեկի առջեւ հաշվետու չէ (խորհրդարան ձեւական գնալն ու հարցերին պատասխանելը հաշվետվություն չէ) եւ ոչնչի համար պատասխանատվություն չի կրում, Ազգային ժողովն էլ ցանկություն չունի իրականացնելու իր վերահսկողական գործառույթը, այլ միայն գործում է իբրեւ գործադիրի առաջարկները «կողմ» կոճակով ընդունող լուռ մեծամասնության խառնամբոխ։
Եթե այդպես չլիներ, եթե խորհրդարանն իսկապես վեր լիներ կառավարությունից ու նրան վերահսկող, ապա հենց երեկ՝ հունվարի 19-ին, Ազգային ժողովի կամ առնվազն նրա Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հրատապ նիստ կհրավիրեր եւ վարչապետին ու պաշտպանության նախարարին կկանչեր բացատրությունների։
Արե՞ց…
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։