Ըստ «Ամերիկայի ձայն»-ի՝ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահները Բայդենի վարչակազմին կոչ են արել պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ադմինիստրատոր Սամանթա Փաուերին ուղղած նամակում Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դեյվիդ Վալադաոն եւ Աննա Էշուն նշել են, որ Լաչինի միջանցքի վերաբացման ներկա միջազգային ռազմավարությունը պարզապես չի գործում։
Կոնգրեսականները նշել են, որ չնայած շրջափակման եւ անմեղ քաղաքացիների վրա ունեցած ողբերգական ազդեցության հստակ փաստագրված ապացույցներին՝ նախագահ Ալիեւը շարունակում է խաբել ԱՄՆ-ին եւ միջազգային հանրությանը` հայտարարելով, որ շրջափակում չկա: Նրանք տագնապալի են համարում նաեւ այն, որ Ալիեւը հայտարարել է, թե Արցախից մեկնելու ճանապարհը բաց է բոլոր նրանց համար, ովքեր չեն ցանկանում դառնալ Ադրբեջանի քաղաքացի։ «Ալիեւի ռեժիմը կանխամտածված քայլեր է ձեռնարկում բնիկ հայ բնակչությանը Արցախից հեռացնելու եւ նրանց նախնիների երկրում ազատ, ժողովրդավարական եւ արժանապատիվ ապրելու հնարավորությունից զրկելու համար: Մինչդեռ տարածաշրջանում տեղակայված ռուս խաղաղապահները քիչ բան են արել միջանցքը փակող ադրբեջանցիներին ցրելու կամ իրավիճակը թուլացնելու համար»,- շեշտել են նամակի հեղինակները։
Կոնգրեսականների համոզմամբ՝ Միացյալ Նահանգները պետք է նաեւ դիտարկի Արցախին մարդասիրական օգնություն տրամադրելու բոլոր առկա տարբերակները, ներառյալ մատակարարումների հնարավոր օդային փոխադրումը` կանխելու սովի իրական սպառնալիքը: «Բացի դրանից, կարծում ենք, այս շրջափակման հետեւում կանգնած իշխանությունների դեմ այնպիսի պատժամիջոցների կիրառումը, ինչպիսին են Մագնիտսկու պատժամիջոցները, հիմնավորված է եւ տեղին՝ հաշվի առնելով այն լուրջ վտանգը, որին ներկա պահին բախվում է Արցախի ժողովուրդը»,- ընդգծել են ամերիկացի կոնգրեսականները։