Ըստ Ֆինլանդիայի պաշտպանական գերատեսչության` Ֆինլանդիան Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրելու։ 12-րդ ռազմական օգնության այդ փաթեթի արժեքը ավելի քան 400 միլիոն եվրո է։ Այն ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Ֆինլանդիայի կողմից Ուկրաինային հատկացված ամենամեծ ռազմական օգնության փաթեթն է։
Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Միկկո Սավոլան հայտարարել է, որ փաթեթում ներառված կլինի նաեւ ծանր զինտեխնիկա՝ անհրաժեշտ զինամթերքով։ Նախարար Սավոլան մանրամասնել է, որ Կիեւին հատկացվող ռազմական օգնության փաթեթը ձեւավորելիս հաշվի են առնվել ինչպես Ուկրաինայի խնդրած սպառազինությունները, այնպես էլ Ֆինլանդիայի ունեցած հնարավորությունները։
Նշենք, որ այս օգնության տրամադրումը հնարավոր է եղել ֆինն-շվեդական գործակցության շնորհիվ. Շվեդիան պատրաստակամություն էր հայտնել Ուկրաինային տրամադրվելիք սպառազինությունների վերականգնման հարցում օգնել Ֆինլանդիային։
Հիշեցնենք, որ Ֆինլանդիան ռուս-ուկրաինական պատերազմի ողջ ընթացքում Ուկրաինային տրամադրել է 590 միլիոն եվրո։