Սյունիքի մարզում աշխատանքային այցով գտնվող ՀՀ–ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, վերահաստատելով Իրանի արտգործնախարարի ավելի վաղ արած հայտարարությունն առ այն, որ Իրանը Հայաստանի եւ տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը, հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության անվտանգությունն Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգությունն է:
Դեսպանն ընդգծել է, որ Իրանն իր բոլոր հարեւան երկրների հետ այնպիսի քաղաքականություն է վարում, որի նպատակն է զարգացնել համագործակցությունը բոլոր ուղղություններով: «Հայաստանը մեր հարեւան, բարեկամ երկիրն է, ու Հայաստանի նկատմամբ էլ այդ քաղաքականությունն ենք վարում: Անվտանգության առումով Իրանի դիրքորոշումը միշտ այնպես է եղել, որ պետք է հարգվի երկրների անկախությունը, տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Հայաստանինն ու բոլորինը՝ միջազգային օրենքների համապատասխան»,- ընդգծել է Զոհուրին:
Դեսպանը հավելել է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ համագործակցությունն ու բոլոր ուղղություններով կապերը զարգանում են: Դիվանագետը հույս է հայտնել, որ այդ համագործակցությունն օրեցօր ավելի կընդլայնվի։