«Հաշվի մի կուճուր Ղարաբաղ էլ էս ա` շրջափակված, աշխարհից կտրված։ Ենթադրենք՝ ինձ մի բան ա պատահում, բարեկամներս մեր գյուղ կռվով-դավով կամ լավագույնը՝ Երեւանից գրությունով կարող են հասնել։ Ո՞վ ա տեսել սենց բան։
«Մի բլոկադայի մեջ էլ մենք ենք»
Մեղրեցիները դեռ ոչինչ, կարողանում են առանց խնդրի հասնել մեր գյուղ, բայց եթե ուրիշ մարզից ես կամ Երեւանից, արդեն լուրջ հարց է»,- Վաչո Չիթչյանը առաջին բնակիչներից էր, որ Գետաշենից ընտանիքի հետ տեղափոխվեց Նռնաձոր։
«Վաչո՛, էս մարդուն ասում ես՝ ի՞նչ անի, քաղաքական խնդիր ա, եթե մարզպետը չի կարող ոչինչ փոխել, էս մարդն ինչո՞վ պետք ա օգնի»,- զրույցին հետեւող համագյուղացի Սամվելը ընդհատում է ու շարունակում թվարկել անցակետի սահմանափակումներից առաջացած անհարմարություննները։
Հայաստանի հարավային սահմանի առաջին գյուղն է Նռնաձորը, գյուղ չհասած՝ անցակետն է։ Հայաստան-Իրան սահմանին տասնամյակներ է՝ տեր ու տիրականը ռուս սահմանապահներն են։ Հայաստան-Իրան պետական սահմանի երկայնքով 5 բնակավայր կա. երկու քաղաք՝ Մեղրի, Ագարակ, եւ երեք գյուղ՝ Ալվանք, Շվանիձոր, Նռնաձոր։ «Տուրիստ չի գալիս, նախկինում բերում էինք, մեկից մի բան էին առնում, մյուսից՝ մի բան, տանում էինք սարերը, բնությունը ցույց տալիս, 15 տարի ա՝ ոչ մի օտարերկրացի ոտք չի դնում մեր գյուղ, չեն թողնում»,- ասում է «Արեւիկ» ազգային պարկի աշխատակից Մկրտիչ Բոյաջյանը։
«Նուռը Երեւանից են հիմնականում գալիս տանում, սեզոնին բանակցում ենք սահմանապահների հետ, թույլատրում են, գալիս տանում են։ Բայց դե նրանք էլ մարդ են, հոգնել են, էլ չեն գալիս, հենա Մեղրիից կառնեն առանց ավելորդ գլխացավանքի»,- ասում է Մկրտիչ Բոյաջյանը։ Մկրտիչի մայրը՝ գյուղի դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Լյուբա Մուրադյանն էլ պատմում է՝ ուսուցիչներից մեկը, չդիմանալով ճանապարհի դժվարություններին, հեռացել է գյուղից։
Ժամանակին Նռնաձոր հասնում էին բավականին վտանգավոր միակողմանի ճանապարհով, որն անցնում էր ձորի եզրով. եթե բախտդ բերեր, տեղ կհասնեիր։ Տասը տարի է՝ նորն ունի Նռնաձորը, գյուղ բերող 12 կիլոմետրանոց ավտոճանապարհն անցնում է նախկին երկաթգծով։
Գյուղն իր պատմության մեջ ասֆալտ չի տեսել, շուրջ տասը տարի առաջ ճանապարհաշինական էժան՝ մանգաղաթե (ավազակոպիճ) ծածկ փռելու տեխնոլոգիայով Կառավարությունը նորոգել է Նռնաձոր գյուղը արտաքին աշխարհի հետ կապող նոր 2 կմ 246 մ երկարության ճանապարհը, ինչը, սակայն, գյուղացիների սրտով չէ, գրունտային ճանապարհը մեքենաները շարքից հանում է։
Գյուղը նախկինում Նյուվադի է կոչվել, բնակեցված է եղել ադրբեջանցիներով, 1990-ականներից ի վեր վերաբնակեցվել է հիմնականում Գետաշենից ու Շահումյանից բռնագաղթված հայերով։ 45 ընտանիք է ապրում նռան այգիներով հարուստ այս գյուղում։ Մայրաքաղաքից 450 կմ է հեռու։
«Մեզ օրենքն է բերել այստեղ տեղավորել որպես փախստական։ 30 տարի ա՝ բախտի քմահաճույքին ապրում ենք, անտեր ժողովուրդ ենք, աշխարհից կտրված։ Ճանապարհը՝ մեկ, ջուրը՝ երկու, արոտավայրերը՝ երեք»,- հիմնախնդիրները մատների վրա է հաշվում Վաչո Չիթչյանը։ Գյուղն էլ անվանում է «քարտեզից դուրս»։
Դժգոհում է՝ պետությունն իրենց հիշում է միայն պատերազմի ու երեխաներին բանակ տանելու ժամանակ. «Պետական աշխատատեղ չկա, ջահելներն էլ գնում են, ո՞վ պետք ա էստեղ մնա. 45 տուն կա, երեւի մի 40 մարդ ա ապրում, ով գալիս է, հարցնում է՝ ո՞նց եք ապրում այստեղ»: Չորս երեխայի հայրը որոշել է անասուններին վաճառել, Երեւանում բնակարան գնել։ Նույն բախտին չի ուզում արժանացնի նաեւ երեխաներին՝ թող գնան սովորեն, մարդավարի ապրեն։
Պատերազմից հետո շատերն են ստիպված եղել վաճառել իրենց անասուններին, գյուղի արեւելյան մասում ադրբեջանական Զանգելանն է, նրանց տեսադաշտում են հայտնվել գյուղի մշակելի հողերը եւ արոտավայրերը։ Տասներկու ձի պատերազմից հետո անցել է Ադրբեջանի կողմը, հետ բերել չի հաջողվել։
Գյուղացիները վստահ են, որ նույն դժբախտ ճակատագիրն է սպասում սահմանը հատող անասուններին, որոնք այդտեղ արածել են եւ սովորության ուժով կփորձեն վերադառնալ արոտավայր. «Նռնաձորցիները անասնապահությամբ լուրջ զբաղվում էին, յուրաքանչյուր գյուղացի հինգից ավելի անասուն ուներ, այստեղ էլ ամռանը շոգ ա, պետք ա տանես սար, էնտեղ էլ արդեն մեր հայկական պոստերն են, չեզոք գոտին, հետո՝ թուրքերը: Գյուղացիները չեն կարողանում օգտվել նաեւ հակառակ կողմում գտնվող դաշտերից։ Էդտեղ էլ արգելոց է, մի խնդիր էլ դա է, որովհետեւ արգելոցում իրավունք չունեն անասուն պահելու»։
Գյուղում, որտեղ ամռան ամիսներին օդի ջերմաստիճանը հասնում է 50-ի, ոռոգման ջուրը 25 օրով կարող է կտրվել։ «300 հատ տնկի եմ դրել անցած տարի, չորացել են, 200 հատ արքայանարինջ եմ դրել, երեւի 30 հատն է մնացել. եթե ամենաշոգ գոտում ապրես ու ջուր չունենաս, մեր ապրելու իմաստը ո՞րն է»,- ասում է Վաչո Չիթչյանը։ Գյուղը խմելու ջրի հարցը լուծել է շուրջ տասը տարի առաջ, այսօր տարվա ցանկացած ժամանակ նռնաձորցին խմելու ջուր ունի, բայց ոռոգման ջրի պատճառով մեծ վնասներ են կրում։ Նռնաձոր գետն էլ իրենց աչքի առաջ ցամաքում է։
25 օրը մեկ ծառ ջրես, ի՞նչ պահանջես էդ ծառից
Երկու տարի է՝ այգիները չորանում են: «Տեղում պետք է լինի մեր ջրամատակարարը։ Մինչեւ մեր խնդիրը այստեղից ներկայացնում ենք «Սյունիք» ՋՕԸ՝ Մեղրու տեղամաս, այնտեղից էլ՝ վերեւ, պտտվում, գնում դառնում է հայոց հարց»,- ասում են բնակիչները։ Միայն Նռնաձորում 46 ջրօգտագործող մշակում է 146 հա այգի։
Նռնաձորցիներն այգիների բերքով են հոգում իրենց ապրուստը։ «Մեղրու գետից ինչքան գալիս ա ջուրը, տալիս են ու վերջ։ Օգոստոսի 1-ին մեղրեցիներինն է ջուրը, ես հո չե՞մ գնա մեղրեցոնց հետ կռիվ անեմ, ասեմ՝ էդ ջուրն իմն ա, ինքը ասի՝ իմ գետն ա։ Հո Մեղրու այգիները չե՞ն չորացնելու, բերեն էստեղ ջրեն, հենա Արաքսը մեր կողքով հոսում ա, երկու հատ պոմպ դնեն, հերիք ա, թող ամեն մի պոմպ շարժիչի հետ միասին քսան հազար դոլար արժենա, մեծ ծախս չէ պետության համար, գոնե կիմանա, որ գյուղը չի վերանում»,- ասում է Մկրտիչ Բոյաջյանը։ Երկու տարի գյուղը ջրի պարտք է մնում, պարզ պատճառով, մարդկանց այգիները չորանում են, եւ գումար վճարելու իմաստ չկա, մինչ այդ բարեխղճորեն վճարում էին։
Ըստ նրա՝ սխալ համակարգելն է գլխավոր պատճառը. «Եթե էս պոմպը փչացավ, իրենք պահեստայինը չունեն. մինչեւ սա ուղարկում են Երեւան՝ սարքելու, տասը օր անցնում է։ Սեզոնին Նռնաձոր, Շվանիձոր, Ալվանք, Մեղրի, Ագարակի պոմպերը ծանրաբեռնված աշխատում են, երկու գյուղում շարժիչը վառվեց՝ վերջ, հաշվի էդ այգիներից չես ստանալու ակնկալվող բերքը։ Մկրտիչ Բոյաջյանը համոզված է, որ եթե այս տեմպերով շարունակվի, ու ջրի խնդիրը վերջնական չլուծվի, մարդիկ պարզապես այլընտրանք չեն ունենա, կլքեն գյուղը։
Ջրից բացի նուռը իրացնելու խնդիրն այս գյուղում եւս կենսական է։ Ասում է՝ այս տարի գյուղում ընդհանուր 100 տոննա բերք է փչացել: «Պարսկաստանից ներկրում են էժան գներով, ճաքած ու անորակ բերքն էլ են ներկրում: Գործարանները նախընտրում են էժան նուռ, մեր նուռը մնում, փչանում է»,- պատմում է Վաչո Չիթչյանը՝ մեզ հրավիրելով իրենց նկուղ՝ սեփական աչքերով տեսնելու չմթերված նռան քանակը։ Բնակիչներն ասում են՝ եթե համայնքի հողերը ռացիոնալ օգտագործվեն, ու նուռն էլ ժամանակին ու ինչպես հարկն է մթերվի, գյուղում ամեն բան այլ կերպ կլինի:
Չնայած մտահոգություններին՝ Նռնաձորում լավ նորություններ էլ կան։ Գյուղում բարերարները 30 բնակարանով թաղամաս են կառուցելու․ նախագծման աշխատանքները սկսված են։ Նոր թաղամասը բնակեցվելու է Արցախից տեղահանված ընտանիքներով։
«Այստեղ հենց ապրելը հերոսություն ա, սեպտեմբերի դեպքերից հետո էլ, միեւնույնն է, մարդ չի գնացել այստեղից։ Ո՞ւր գնանք, բոլորս գնանք լցվենք Երեւան, բա հետո՞: Պատերազմից հետո մենակ մեր տրամադրությունն է փոխվել, բայց ոչ մեկը չի լքել գյուղը, դեռեւս կպած պահում ենք։ Այնքան փոքր է մնացել մեր հայրենիքը, որ հողի ամեն մի փոքր կտորը կարեւոր է մեզ համար, այդ թվում՝ այս գյուղը։ Նռնաձորը դրախտային տեղ ա. ինչին ձեռք ես տալիս, փող ա, գնա մշակի, ունեցի»,- ասում է Մկրտիչ Բոյաջյանը, որի երկու դուստրերը ուսանող են Երեւանում։ Կրտսերը՝ Սյուզաննան, դպրոցի այս տարվա միակ շրջանավարտն է։ Արդեն չգիտի՝ Երեւան սովորելու գնալուց հետո կվերադառնա գյուղ, թե ամեն դեպքում նռնաձորցի շատ երիտասարդների պես իր ապագան մայրաքաղաքում կկառուցի։
Լուսանկարները՝ Արթուր Մանուչարյանի
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։