ՌԴ-ն ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը (20-րդ ռակետ) Ավստրալիայի բաց առաջնությունում հաղթանակ է տարել ամերիկացի Ֆրենսիս Տիաֆույի (17-րդ ռակետ) նկատմամբ։ Մրցախաղը տեւել է 3 ժամ 32 րոպե: Խաչանովը կարիերայում առաջին անգամ դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչ, որտեղ մրցելու է ճապոնացի Յոշիհիտո Նիշիոկայի հետ:
Հաղթանակից հետո Խաչանովը մոտեցել է տեսախցիկին ու գրել. «Պի՛նդ կաց, Արցա՛խ»։
Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին խաղացող Հենրիկ Մխիթարյանը հունվարի 16-ին «Ինտերի» ակումբային հեռուստատեսության եթերում, որտեղ ֆուտբոլիստները խոսել են իրենց մասին, ցուցադրել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի քարտեզի մոտավոր ուրվագծեր։
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան (AFFA) մտադիր է բողոք ներկայացնել ՈՒԵՖԱ-ին եւ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային։ Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանը վրդովված է «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պահվածքից։