Ըստ Sputnik Արմենիա գործակալության՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից հայտնել են, որ «Հրազդան-5» կայանի շահագործումը ժամանակավորապես դադարեցված է։ Պատճառը հիմնական սարքավորման՝ գազատուրբինային տեղակայանքի կապիտալ նորոգման անհրաժեշտությունն է:
«Գազպրոմ Արմենիան» ընդգծել է, որ գազատուրբինի նորոգման համար նախնական հաշվարկով անհրաժեշտ է շուրջ 16 միլիոն եվրո։ Գումարը չի փոխհատուցվել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից առաջարկված սակագներով:
Բացի դրանից՝ «Հրազդան-5» կայանի արդիականացման նախագծով նախատեսված էր, որ կայանում արտադրված էլեկտրաէներգիայի հիմնական մասը (467 ՄՎտ) պետք է արտահանվեր Իրան՝ կառուցվող Իրան-Հայաստան բարձր լարման օդային գծով։ Բայց այդ գծի շինարարությունն առ այսօր ավարտված չէ:
«Գազպրոմ Արմենիան» արձանագրում է, որ «Հրազդան-5» կայանը, գործարկումից ի վեր, աշխատել է վնասով՝ անկանոն եւ իր հզորությունների մոտ 30%-ի չափով։ Դրա հետեւանքով ընկերությունն արդեն շուրջ 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ ունի:
Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը ամբողջական ծավալով շահագործման է հանձնվել 2013-ի դեկտեմբերի 2-ին։ Նույն օրը ստորագրված փաստաթղթով «Գազպրոմը» ձեռք է բերել «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը եւ դարձել ընկերության լիակատար բաժնետեր:
«Իրան-Հայաստան» էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման շինարարությունը պետք է ավարտվեր 2018-ին, սակայն վերջնաժամկետն արդեն երկու անգամ մեկական տարով հետաձգվել է:
Դեպի Իրան գնացող գիծը կառուցվում է Իրանի միջոցներով։ Նախատեսված 107,9 միլիոն եվրոյի 77%–ը տրամադրել է Իրանի արտահանման եւ զարգացման բանկը, 23%–ը` հիմնական կապալառու «Sunir» ընկերությունը։