Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը կոչ է արել ԵԽ նախարարների կոմիտեին վճռական քայլեր ձեռնարկելու, որպեսզի Բաքուն կատարի ՄԻԵԴ-ի հանձնարարականները:
Դեսպան Խաչատրյանը փոխնախարարների խորհրդակցության ժամանակ նշել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը հանգեցնում է ծանր հումանիտար հետեւանքների Լեռնային Ղարաբաղի համար։ Հայաստանը կոչ է անում նախարարների կոմիտեին վճռական քայլեր ձեռնարկելու Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ-ի նշած ժամանակավոր միջոցների կատարումն ապահովելու համար:
Հայաստանը 2022-ի դեկտեմբերին Եվրոպական դատարան երկու պահանջ է ներկայացրել` ապաշրջափակել Լաչինի միջանցքը եւ ապահովել միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդների տեղաշարժը, ինչպես նաեւ ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը: ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ-ի միայն երկրորդ պահանջը եւ միջանկյալ միջոցառումների շրջանակում դեկտեմբերի 21-ին Ադրբեջանին պարտավորեցրել է Լաչինի միջանցքով բաց թողնել ծանր հիվանդներին եւ նրանց, ովքեր չեն կարողանում հասնել իրենց մեկնելու վայրին։