Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը մանրամասներ է ներկայացրել Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի՝ Հարավային Կովկաս այցելության մասին։ Այցի շրջանակում պաշտոնյան ժամանել էր Հայաստան եւ Ադրբեջան, որտեղ քննարկել է ՆԱՏՕ-ի համագործակցությունը երկու երկրների հետ, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ նրանց ներդրումը:
Ըստ ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքէջի հաղորդագրության՝ Խավիեր Կոլոմինան մտքեր է փոխանակել նաեւ տարածաշրջանային անվտանգության հարցերի, ներառյալ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի շուրջ եւ ընդգծել ազատ տեղաշարժի եւ հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտությունը, բանակցությունների վերսկսման եւ կարգավորման ուղղությամբ աշխատելու կարեւորությունը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը միաժամանակ ողջունել է տարածաշրջանային կայունությանն աջակցելու գործում Եվրոպական միության դերը։