Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը իսպանական El Mundo պարբերականի հետ զրույցում հայտարարել է, որ առաջիկա 2-3 շաբաթները վճռական են լինելու ուկրաինական հակամարտության համար։ Այդ ժամանակամիջոցը, ըստ նրա, «որոշելու է մեր ապագան»։
«Առաջիկա երկու կամ երեք շաբաթները վճռական են լինելու։ Շատ բան, որ տեղի կունենա 2023 թվականին, կախված կլինի առաջիկա շաբաթներից։ Այդ շաբաթները կորոշեն մեր ապագան»,- մասնավորապես ասել է Միշելը։
Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան նաեւ ընդգծել է, որ հարկավոր է շարունակել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը։
Անդրադառնալով հակառուսական պատժամիջոցներին՝ Միշելն ասել է, որ հաջորդ քայլերը, որոնք հարկ կլինի ձեռնարկել ընդդեմ Ռուսաստանի, ավելի դժվարին են լինելու։ Նա նկատել է, որ Եվրամիությունն ունի գործիքներ Կրեմլի վրա ճնշումներ գործադրելու համար, սակայն «յուրաքանչյուր հաջորդ քայլն ավելի դժվարին է լինելու»։
Ավելի վաղ ուկրաինական հետախուզության ներկայացուցիչ Վադիմ Սկիբիցկին հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտությունում վճռական կլինեն գարունն ու ամռան սկիզբը։ Նա նշել էր, որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտն ազդարարող «առաջին նախանշանների» մասին կարելի կլինի խոսել այն ժամանակ, երբ գարունն ու ամռան սկիզբն անցած կլինեն։