Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Անկարայում` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Եվրամիության երկու առաջնորդների բանակցությունների ժամանակ Էրդողանի նստավայրում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին աթոռ չեն տրամադրել:
Բարձրաստիճան տիկինը չկարողանալով թաքցնել տարակուսանքը, ստիպված է եղել տեղավորվել Էրդողանից եւ Շառլ Միշելից որոշ հեռավորության վրա դրված բազմոցին։ Ֆոն դեր Լայենի դիմաց՝ մեկ այլ բազմոցին նստել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։
Միջադեպը լայն արձագանք է ունեցել Բրյուսելում: Եվրահանձնաժողովի նախագահի մամուլի խոսնակ Էրիկ Մեյմերը մեկնաբանելով միջադեպը, ընդգծել է, որ արարողակարգի համաձայն Ուրսուլա ֆոն դեր Լայեյնը Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի պես պետք է նստեր երրորդ աթոռին՝ Էրդողանի մյուս կողմում:
Էրիկ Մեյմերը հիշեցրել է, որ նախկինում, երբ Թուրքիայի նախագահն էր ժամանել Բրյուսել, բանակցությունների սենյակում երեք բազկաթոռ էր դրվել՝ Էրդողանի, Եվրամիության խորհրդի նախագահի ու Եվրահանձնաժողովի նախագահի համար։
Եվրահանձնաժողովի նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ Եվրահանձնաժողովի նախագահը պատվիրել է այսուհետեւ նախապես քայլեր ձեռնարկել՝ նման իրավիճակներից խուսափելու համար:
«Սակայն թույլ տվեք պարզաբանեմ. թեեւ նախագահը (Ուրսուլա ֆոն դեր Լայենը) զարմացած էր, այդուհանդերձ նախընտրեց, եւ, ըստ իս, դա ճիշտ մոտեցում էր, նախընտրեց առաջնահերթությունը տալ հանդիպման բովանդակությանը, այլ ոչ թե արարողակարգին», — եզրափակել է Էրիկ Մեյմերը
Եվրամիության առաջնորդների ընդունելության նման արարողակարգի վերաբերյալ Թուրքիայի կառավարությունից որեւէ մեկնաբանություն չի եղել։ Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը չի հստակեցրել՝ արդյոք թուրքական կողմը ներողություն խնդրե՞լ է տհաճ միջադեպի համար:
Ավելի ուշ Էրդողանն ասել է, որ միջադեպի պատճառը, թերեւս, միջոցառման անցկացման համար սխալ ընտրված աշխատասենյակն էր:
Անկարայում երեկ տեղի ունեցած բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսին Էրդողանը չի մասնակցել։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ամփոփելով բանակցությունները, շեշտել է. «Մենք մեր կողմից ձեռք ենք մեկնում եւ նույնն ակնկալում ենք Թուրքիայից»։