Տեխնոլոգիաների աճն ու զարգացումը, անկասկած, փոխել են հասարակության եւ լրատվամիջոցների բնականոն գործունեությունը: Ավանդական մեդիայի կրճատումը (օրինակ՝ թերթերի), միաժամանակ սոցիալական մեդիայի աճը դավադրության տեսության (կոնսպիրացիոնիզմ) առաջացման գործում հսկայական դեր են խաղացել:
Սոցիալական մեդիա հարթակները, ինչպիսին, օրինակ, Twitter-ն է, նախագծված էին, որպեսզի բոլորին (տեսականորեն) տարածք տրամադրեն՝ կիսվելու եւ վերարտադրելու այն, ինչ ցանկանում են: Եվ թեեւ այն հանգեցրել է անհավանական արշավների, ինչպիսիք են թվային ակտիվիզմի աճը եւ սոցիալական շարժումները, օրինակ՝ #MeToo-ն (կամ Me Too), հեշթեգ, որն արագորեն տարածվել է սոցիալական ցանցերում 2017 թվականի հոկտեմբերին եւ ընդգծում է սեռական բռնության եւ ոտնձգությունների քննադատությունը), այն նաեւ ստեղծել է մի հարթակ, որտեղ յուրաքանչյուրը կարող է արագորեն տարածել ապատեղեկատվությունը:
Թեեւ ապատեղեկատվությունը վաղուց է եղել, որոշ գիտնականներ պնդում են, որ մենք մտել ենք «պոստ-ճշմարտության» դարաշրջան, որտեղ լրատվություն ստեղծողները ստիպում են ընթերցողներին հավատալ ինչ-որ տեղեկության՝ չնայած դրա դեմ եղած ապացույցներին:
Համավարակի սկսվելուց անմիջապես հետո ապատեղեկատվության մեծ ալիք եղավ։ Վիրուսի մասին գիտելիքի պակասը իդեալական միջավայր էր ստեղծել դրա համար, քանի որ խառնաշփոթն ու անվստահությունը օրեցօր սրվում էին: Հետեւաբար զարմանալի չէ, որ Մադեյ Քարիի տեսանյութերի նման նյութերը վիրուսային արագությամբ տարածվում էին եւ մեծ ազդեցություն էին ունենում հասարակության լայն շրջանակի վրա:
Մադեյ Քարին օստեոպաթ է, ով 2020 թվականի հունիսին YouTube-ում տեսանյութ էր ներբեռնել, որտեղ պնդում էր, որ Քովիդ-19 պատվաստանյութերը կփոխեն այն ստացողների ԴՆԹ-ն: Տեսանյութը տարածվել էր՝ YouTube-ում հավաքելով ավելի քան 300 հազար դիտում, եւ վերահրապարակվել էր այլ հարթակներում, ինչպիսիք են Facebook-ը, Instagram-ը, Twitter-ը եւ WhatsApp-ը:
Սոցիալական ցանցերում շրջանառվող ապատեղեկատվության պատճառը փաստերի ստուգման եւ գրաքննության բացակայությունն է:
Մադեյի տեսանյութի մասին խոսելիս կարող ենք փաստել, որ թեեւ նրա բերած կենսաբանական փաստերը սխալ չեն, սակայն նրա կատարած եզրակացությունները եւ հղումները դեռեւս ապացուցված չեն։
Կոնսպիրացիոնիզմի աճին նպաստող մեկ այլ գործոնը գիտության նկատմամբ վստահության նվազումն է, որը մենք կարող ենք տեսնել, օրինակ՝ կլիմայի փոփոխությունը ժխտողների շրջանում: Այնուամենայնիվ, Մադեյի մոտեցումը շատ հետաքրքիր էր, քանի որ նա օգտագործում էր գիտությունը՝ ապացուցելու իր տեսակետը: Հատկապես վտանգավոր է նրա բժիշկ լինելու փաստը, որը նրա հանդեպ հավատ է ներշնչում հասարակության շրջանում:
Սոցիալական մեդիա ընկերությունները, ինչպիսին է Facebook-ը, շատ ակտիվ են ապատեղեկատվության դեմ պայքարում: 2020 թվականի մարտից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Facebook-ը հեռացրել է Քովիդ-19-ի մասին ապատեղեկատվություն պարունակող ավելի քան 12 միլիոն գրառում։
Բայց արդյո՞ք գրաքննությունը կեղծ լուրերի եւ դավադրության տեսության դեմ պայքարելու լավագույն միջոցն է:
Այն բանից հետո, երբ Մադեյի տեսանյութը տարածվեց, սոցիալական մեդիա ընկերությունները, ինչպիսիք են YouTube-ը եւ Facebook-ը, ջնջեցին այն իրենց հարթակից՝ դադարեցնելով դրա տարածումը (որոնելիս դեռ կարելի է գտնել այն): Եվ թեեւ գրաքննությունը կարող է արդյունավետ լինել այս տեղեկության տարածումը կասեցնելիս, սակայն այն նաեւ կասկածի տակ է դնում խոսքի ազատության հիմնահարցը:
Խոսքի ազատությունը մարդու եւ քաղաքացիական իրավունքների հիմնաքարն է, բայց արդյո՞ք ինչ-որ մեկի իրավունքն է ազատ խոսել, նույնիսկ եթե ապատեղեկատվություն է տարածում:
Խոսքի ազատությունը չի նշանակում, որ կառավարություններն ազատ են ներգրավվելու ապատեղեկատվության եւ մանիպուլյացիայի կանխամտածված արշավներում՝ ուղղված ինչպես սեփական բնակչության, այնպես էլ միջազգային հանրության դեմ։ Դա չի նշանակում նաեւ, որ կառավարություններն անզոր են պաշտպանելու իրենց բնակչությանը օտար ռեժիմների կանխամտածված ապատեղեկատվական արշավներից:
Խոսքի ազատությունը կենսական նշանակություն ունի, բայց չի կարող միայն պաշտպանել ճշմարիտ տեղեկությունը: Այն պաշտպանում է բոլոր տեսակի տեղեկությունների եւ գաղափարների արտահայտումը, լինեն դրանք փաստեր կամ կարծիքներ, ճշմարիտ թե կեղծ, անկեղծ թե երգիծական: Խոսքի ազատությունը թույլ է տալիս յուրաքանչյուրին ասել այն, ինչ ուզում է, բացառությամբ քրեական օրենքով նախատեսված նեղ դեպքերի։
Բայց խոսքի ազատությունը չի պաշտպանում մանիպուլյացիայի մեթոդները։
Կարելի է գործողություններ ձեռնարկել մանիպուլյացիոն արշավների դեմ, եթե դրանք խաթարում են ազգային անվտանգությունը կամ հասարակական կարգը: Խոսքի ազատությունը կարող է սահմանափակվել հատուկ նպատակներով, ներառյալ ազգային անվտանգության կամ հասարակական կարգի պաշտպանության, պայմանով, որ սահմանափակումները լինեն օրինական, անհրաժեշտ եւ համաչափ:
Քրիստինե Խանոյան
«Թվային կայուն միջավայրի ամրապնդումը Հայաստանում» ծրագիրն իրականացվում է DCN (Digital Communication Network)-ի եւ CRI (Civic Resillence Initiative)-ի կողմից Հայաստանում Լիտվայի դեսպանատան աջակցությամբ: