Ըստ իրանական PressTV-ի՝ լիբանանյան շիա իսլամիստական Հըզբոլլահ կուսակցությունը ՌԴ մայրաքաղաք եռօրյա այցից հետո հայտարարել է Մոսկվայում պաշտոնական ներկայացչություն բացելու մտադրության մասին:
Հեռուստաալիքի համաձայն՝ այցի նախաձեռնողը եղել է ռուսական կողմը: Փորձագետների գնահատմամբ՝ մոսկովյան այցը վկայում է, որ խմբավորումը Կրեմլում ընկալվում է իբրեւ առանձին քաղաքական ուժ, որի հետ անհրաժեշտ է ուղիղ շփումներ հաստատել:
Մոսկվայում Լիբանանի խորհրդարանի Հըզբոլլահ խմբակցությունը Մուհամեդ Ռաադի գլխավորությամբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը քննարկել են Լիբանանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը:
Շուտափույթ կերպով կառավարության ձեւավորմանը ձեռնամուխ լինելու Սերգեյ Լավրովի կոչին արձագանքելով՝ Հըզբոլլահի ներկայացուցիչները շեշտել են, որ դա պետք է արվի՝ հաշվի առնելով լիբանանյան ժողովրդի կամքը:
ԱՄՆ պետդեպարտամենտը խստորեն քննադատել է Հըզբոլլահի հետ Լավրովի հանդիպումը:
«Մենք կոչ ենք անում աշխարհի բոլոր երկրներին մերժել քաղաքական ու ռազմական թեւերի կեղծ բաժանումը, եւ ամբողջ խմբավորումը ճանաչել ահաբեկչական կազմակերպություն. մի բան, որ արել է ԱՄՆ-ը՝ Հըզբոլլահին ներառելով ահաբեկչական խմբավորումների ցանկ»,-ասված է Պետդեպի հայտարարության մեջ:
Հըզբոլլահ (բառացի՝ «Ալլահի կուսակցություն) զինյալ խումբը միաժամանակ շիա իսլամիստական քաղաքական հզոր կուսակցություն է Լիբանանում, որի ռազմական թեւը Ջիհադի խորհուրդն է, իսկ քաղաքական թեւը հարում է Լիբանանի խորհրդարանի Հավատարմություն դիմադրության դաշինքին։
Հըզբոլլահն ամբողջությամբ կամ միայն նրա ռազմական թեւը 21 պետությունների, այդ թվում՝ ԵՄ-ի, իսկ 2017-ից ի վեր նաեւ Արաբական պետությունների լիգայի անդամ երկրների մեծամասնության կողմից ճանաչվել է իբրեւ ահաբեկչական կազմակերպություն:
Հըզբոլլահը պնդում է, որ օրինական դիմադրության շարժում է, որը պայքարում է հանուն Լիբանանի տարածքի ազատագրության։
Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ՝ 1985-ին Հըզբոլլահը ներկայացրել է իր մանիֆեստը, որտեղ սահմանված էին նրա նպատակները. «Լիբանանից վտարել ամերիկացիներին, ֆրանսիացիներին եւ նրանց դաշնակիցներին, վերացնել հողում գտնվող ցանկացած գաղութարար կառույց»: