Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հայտնել է, որ հակաթուրքական ու հակաիսլամական ակցիաներից հետո ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Շվեդիան չպետք է ակնկալի Անկարայի աջակցությունը։
Ավելի վաղ Դանիայի «Կոշտ կուրս» ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Ռասմուս Պալուդանը Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ շաբաթ օրը Ղուրանը հրկիզելու ակցիա անցկացնելու թույլտվություն էր ստացել: Թուրքիայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Ստոկհոլմում Ղուրանի այրումը վկայում է Եվրոպայում իսլամաֆոբիայի, ռասիզմի եւ խտրականության մասին: «Եթե դուք թույլ եք տալիս նման ակցիաներ անցկացնել, մեզնից ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում աջակցություն չեք ստանա։ Շվեդիայի ղեկավարությունը չպետք է մեր աջակցությանը սպասի»,- ասել է Էրդողանը։
Ֆինլանդիան եւ Շվեդիան 2022-ի մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին դաշինքին անդամակցելու հայտեր են ներկայացրել։ Սկզբում Անկարան արգելափակել էր այս հայտերի ուսումնասիրումը, սակայն հունիսի 29-ին Թուրքիան, Շվեդիան եւ Ֆինլանդիան անվտանգության ոլորտում եռակողմ հուշագիր են ստորագրել, որը հաշվի է առնում Անկարայի բոլոր մտավախությունները։ Թուրքիան հանել էր ՆԱՏՕ-ին այս երկու երկրների անդամակցության վերաբերյալ իր առարկությունները։ 2022-ի հոկտեմբերի 6-ի տվյալներով` 30 երկրից 28–ը, Թուրքիայից եւ Հունգարիայից բացի, արդեն դրական որոշում են ընդունել հարցի վերաբերյալ։