1992-ի օգոստոսի մի օր Ստեփանակերտը ենթարկվել էր հերթական հրթիռակոծմանը, եւ նախկին մարզգործկոմի շենքի բոլոր ապակիները փշրված էին։ Հինգ րոպե խոսակցություն ունեցա Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ նշանակված Ռոբերտ Քոչարյանի հետ։ Խնդրում էի թույլտվություն, որ մայրս Երեւան հասցնի հնգամյա որդուս։ Ստեփանակերտը տարհանվում էր։ Նա գզրոցից հանեց, իմ դեմ դրեց թույլտվության մաքուր ձեւաթուղթ եւ առաջարկեց, որ ինքս գրեմ անուն-ազգանունները։
Հասկացա, որ փորձում է։ Եվ գրասենյակային աստիճանավորի բծախնդրությամբ գրեցի․
1. Ղուլյան Նինել Հովհաննեսի՝ ծնված 1929 թ․։
2. Աթանեսյան Տիրան Վահրամի՝ ծնված 1987 թ․»։
Մնացած «ազատ տարածքում» հռոմեական Z գրեցի եւ վերադարձրի իրեն։ Մի վայրկյան ուշադիր նայեց, ժպտաց եւ ստորագրեց։ Ու ինքն էլ դրեց ՊՊԿ կնիքը։
Չորս-հինգ օր չկարողացա ավտոկայանից Երեւան մեկնող «Իկարուս»-ում երկու ազատ տեղ գտնել։ Վեցերորդ օրը մայրս գրկեց հնգամյա որդուս եւ վճռականորեն բարձրացավ ավտոբուս։ Ստեփանակերտ-Երեւան ավելի քան տասը ժամ տեւած ճանապարհը նա անցել է որդուս գրկած՝ ոտքի վրա։
Դաժա՞ն է։ Բայց դա, այնուամենայնիվ, իշխանություն էր։ Երբ ավտոբուսը Երեւան չէր ճանապարհվում, Ստեփանակերտում գիտեին՝ Սարիբաբայում մարտեր են, միջանցքը փակվելու սպառնալիք կա։ Իսկ ոչ քաղաքացիական մեքենաները գնում-գալիս էին։ Գալիս-գնում էին։ Այդպես էր ղարաբաղյան առաջին պատերազմը․ եթե նախկին մարզգործկոմի շենքի դիմաց կանգնած էր Ռոբերտ Քոչարյանին սպասարկող «Նիվա»-ն, իսկ դա շատ հաճախ տեւում էր մինչեւ կեսգիշերն անց, հանրապետական թերթի հերթապահ լրագրողներս վստահաբար էինք անցնում քաղաքի մութ փողոցներով, մինչեւ կհասնեինք տուն, որտեղ փայտի վառարանի վրա թշշում էր թեյնիկը, գտնվում էր վարունգաթթվով մի աման տաք լոբաճաշ, երբեմն էլ՝ երկու-երեք բաժակ սեւ դամբուլի տնաքաշ օղի։
1991-ի նոյեմբերյան մի օր Ազգային խորհրդի հերթական նիստին որոշեցի ելույթ ունենալ։ Խոսեցի Ժելեզնովոդսկի բանակցությունների, հաշտության եզրեր գտնելու եւ ճգնաժամը խաղաղ կարգավորելու հնարավորությունից։ Ավարտեցի, բայց մինչ կհասցնեի նստել, Խորհրդի անդամներից մեկն ինձ դուրս հրավիրեց։ Առանձնացանք մի սենյակում, եւ նա բարեկամաբար խորհուրդ տվեց «անիմաստ բաներ չխոսել, որովհետեւ շուտով պատերազմ է սկսվելու, մենք պիտի մինչեւ Քուռ գետը գրավենք»։ Հարցիս՝ «իսկ ո՞վ է երաշխավորում, որ Ադրբեջանը չի հասնի Սեւան կամ Մեղրի», նա բարեհոգի ժպտաց, ծանրաթաթ ձեռքով թփթփացրեց ուսիս եւ դարձյալ խնդրեց, որ ինձ «խնայեմ»։
Տարիների հեռվից ես շնորհակալ եմ այդ մարդուն։ Դա նույնպես իշխանության բնութագիր է, երբ կարողանում են զգուշացնել։ Բայց ինձ մինչեւ հիմա էլ անհասկանալի է, թե պատերազմ ընտրած, հանգամանքների կամ անձնական նվիրումի բերումով պատերազմ շահած եւ նոր պատերազմի անխուսափելիության մեջ լիովին համոզված այդ մարդիկ ինչո՞ւ իրենց որդիների համար կյանքի, կեցության, կարիերայի եւ հեղինակության այլ ճանապարհ տեսան կամ առնվազն չհորդորեցին, որ զինվորականի կոչում ընտրեն։
Մի անգամ մեկին ասացի, զարմացավ։ Խոսակցությունը Սեյրան Օհանյանի մասին էր։ Անկեղծորեն բացատրեցի, որ նա հարգանքի է արժանի ոչ միայն անցած մարտական ճանապարհի, այլեւ նրա համար, որ որդին զինվորական է։ Եթե չեմ սխալվում, մեկ էլ Յուրի Խաչատուրովի որդին է զինվորականի գործն ընտրել։ Գիտեմ նաեւ երրորդին. զինվորական է Աշոտ Ղուլյան-Բեկորի ավագ որդին։ Ղարաբաղյան առաջին պատերազմի իմ իմացած մյուս հայտնիների զավակները կա՛մ իրավաբան են, կա՛մ տնտեսագետ։ Գործարար։ Կյանքի մարդիկ։
Զինվորականությունը «կաստա» է, ազնվական խավ, որ մենք չունեցանք։ Հայրերն ինքնուս պատերազմող էին, որդիները դարձան «ջենթլմեն»։ Հայ իշխանական դասը զավակներին Բյուզանդիա զինվորական կրթության էր ուղարկում։ Պետականությունից զրկված հայությունը մի քանի երկրների բանակներում զորավարներ է ունեցել՝ չթվարկեմ։
Ռոբերտ Քոչարյանի ծառայողական «Նիվա»-ն առաջին պատերազմի, աշխարհազորային մաքառման խորհրդանիշ է։ Դա խստապահանջ, նվիրյալ իշխանություն էր, բայց երեսուն տարի է անցել։ Աշխարհը փոխվել է, պատերազմը՝ նույնպես։ Ո՞րն է, ո՞վ է այսօրվա պատերազմի խորհրդանիշը։ Որդիները հայրերի ճանապարհին չեն։ Ո՞վ է բոլորիս մի ուղեգծի բերելու․․․
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։