ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել Բելգիայի արտգործնախարար Հաջա Լահբիբի հետ եւ խոսել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով ստեղծված իրավիճակի, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։
Նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի առավելապաշտական եւ ոչ կառուցողական մոտեցումները մեծապես խոչընդոտում են տարածաշրջանում անվտանգության եւ կայունության հաստատումը։ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։
Արարատ Միրզոյանն ու Հաջա Լահբիբը կարեւորել են Հայաստանում քաղաքացիական մշտադիտարկման առաքելություն տեղակայելու ԵՄ խորհրդի որոշման ընդունումը։ Արտգործնախարարները քննարկել են Հայաստան-Բելգիա երկկողմ համագործակցության խորացման եւ ընդլայնման հնարավորությունները։ Կարեւորվել են առեւտրաշրջանառության ծավալների ընդլայնումը, գործարար շփումների ակտիվացումը։