Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ: Թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում Կարեն Խաչանովը մրցել է ԱՄՆ-ը ներկայացնող, աշխարհի 31-րդ ռակետ Սեբաստիան Կորդայի հետ: Երկու սեթերից հետո Կորդան վնասվածքի պատճառով հրաժարվել է հետագա պայքարից: Խաչանովը հաղթում էր երկու սեթերից հետո` 7:6, 6:3 հաշվով:
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» տարվա 4 գլխավոր մրցաշարերից մեկն է: Մրցաշարերն անցկացվում են ավստրալական Մելբուռն քաղաքում կոշտ ծածկույթի վրա: Ավստրալիայի բաց առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 1905 թվականին: 2022-ին Aus Open-ի տղամարդկանց մենախաղում հաղթել է Ռաֆայել Նադալը, իսկ կանանց մրցապայքարում` Էշլի Բարթին: