Եվրախորհրդարանի պատգամավորները նախօրեին հանդես են եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Բելառուսում քաղաքացիական հասարակության գործիչների նկատմամբ քաղաքական մոտիվացիա ունեցող դատական գործերի հարուցումը։
Եվրախորհրդարանի պատգամավորների համատեղ հայտարարությունում մասնավորապես խոսվում է անցյալ շաբաթ բելառուսական ընդդիմության առանջնորդներից Սվետլանա Տիխանովսկայայի նկատմամբ սկսված հեռակա դատական գործընթացի, ինչպես նաեւ կոորդինացիոն խորհրդի ներկայացուցիչներ Մարիա Դամոզի, Օլգա Կովակլովայի, Պավել Լատուշկոյի եւ Սերգեյ Դիլեւսկու նկատմամբ «ատելության հրահրման» եւ «ծայրահեղական խմբի ստեղծման» հոդվածով «թխված» գործով իրականացվող դատական գործընթացի մասին։
«Այս հինգ գործիչները կամավոր վտարանդիությունն են ընտրել այն բանից հետո, երբ բողոքի զանգվածային ցույցերը, որոնք սկսվել էին Բելառուսում ընտրությունների արդյունքների կեղծման եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ սեփական պարտությունն ընդունելուց եւ իշխանությունը հանձնելուց հրաժարվելուց հետո, ճնշվել են»,- ասված է հայտարարությունում։
Փաստաթուղթը ստորագրել են Եվրախորհրդարանի՝ Բելառուսի հարցերով մշտական զեկուցող Պյատրասդ Աուշտրյավիչյուսը եւ Բելառուսի հետ հարաբերությունների հարցերով զբաղվող խորհրդարանական պատվիրակության ղեկավար Յուոզաս Օլեկասը։ Փաստաթղթում խոսվում է նաեւ Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալես Բելյացկու եւ նրա ստեղծած «Վեսնա» իրավապաշտպան կազմակերպության երկու աշխատակիցներ Վալենտին Ստեֆանովիչի եւ Վլադիմիր Լոբկովիչի, ինչպես նաեւ լրագրող եւ Բելառուսի լեհերի միության ակտիվիստ Անջեյ Պոչոբուտի նկատմամբ սկսված դատական գործընթացների մասին։ «Որեւէ կասկած չկա, որ կեղծ դատական գործերը միտված են վախ տարածելուն, անկախ ձայները ստիպողաբար լռեցնելուն եւ Բելառուսում իրական քաղաքական բանավեճի համար դեռ մնացած տարածքը վերացնելուն»,- նշել են հայտարարության հեղինակները։
Փաստաթղթում նաեւ կա կոչ ուղղված Եվրամիությանը՝ ավելացնելու բելառուսական ընդդիմությանը՝ թե՛ Բելառուսում, թե՛ նրա սահմաններից դուրս ցուցաբերվող աջակցությունը, ինչպես նաեւ խստացնելու պատժամիջոցները Բելառուսի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են այդ երկրում մարդու իրավունքների խախտումների, ինչպես նաեւ նրանց նկատմամբ, ովքեր բելառուսական կողմից մասնակցում են Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիային։