ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհուրդը Ուկրաինային ռազմական օգնության 7-րդ փուլի շրջանակում 500 միլիոն եվրո տրամադրելու մասին որոշում է կայացրել։ Հատկացումը կկատարվի «Խաղաղության եվրոպական հիմնադրամի» (European Peace Facility) միջոցով։
Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավարը նաեւ ասել է, որ եւս 45 միլիոն եվրո ԵՄ-ն կհատկացնի ուկրաինացի զինվորականների ուսուցման եւ պատրաստության հարցերով զբաղվող ԵՄ հատուկ առաքելությանը։ Այս առաքելությունը սկսել է գործել 2022 թվականին Լեհաստանում։ Նպատակը 15 հազար ուկրաինացի զինվորականների նախապատրաստումն է։
Այսպիսով՝ 2021 թվականին հիմնադրված «Խաղաղության եվրոպական հիմնադրամի» միջոցով ԵՄ-ն Ուկրաինային տրամադրել է ընդհանուր առմամբ 3,6 միլիարդ եվրո։ Եվրամիության եւ նրա անդամ երկրների կողմից Ուկրաինային ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր հատկացված ֆինանսական համախառն օգնությունը մոտ 50 միլիարդ եվրո է։
Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդում քննարկվել է նաեւ Ուկրաինայում գործված ռազմական հանցագործությունների հարցը։ Եվրոպական երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, ըստ Ժոզեպ Բորելի, համակարծիք են եղել, որ Ուկրաինայում գործված ռազմական հանցագործությունները չեն կարող անպատիժ մնալ, եւ քննարկվել է դրանց մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցը։
Բորելը մանրամասնել է, որ ներկայում այս հարցի վերաբերյալ ընթանում են քննարկումներ ՄԱԿ-ի հետ։ Բորելն ընդգծել է, որ Ուկրաինայում գործված ռազմական հանցագործությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործընթացի առաջին քայլ կարող է դառնալ Հաագայում միջազգային քրեական դատարանի աջակցությամբ միջազգային դատախազության գրասենյակի ստեղծումը։
Պատրաստեց Արման Գրիգորյանը