Կառավարական մակարդակով առաջին անգամ այսօր խոսվեց Ադրբեջանում գտնվող մի հայ կին գերու մասին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն է տոնական շնորհավորանքում հիշել. «Ցավով եմ հիշում, որ մեր գերեվարված հայրենակիցների մեջ դեռեւս կին կա, եւ իմ ցավը թող ուժ ու կորով դառնա նրա ու մեր բոլոր գերեվարված հայրենակիցների համար՝ միասին հաղթահարելու այս փորձությունը»:
Պարզ չէ, թե «նրա» ասելով ո՞ւմ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը, որովհետեւ հայ գերիների հարցերով զբաղվող փաստաբանական գրասենյակում, տարբեր կազմակերպություններում եւ բաց աղբյուրներում կա երեք ենթադրյալ գերեվարված կնոջ անուն, երեքն էլ՝ արցախցի:
«Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում բոլոր երեք կանանց վերաբերյալ էլ առկա է տեղեկություն: Էլզա Սարգսյանը ամուսնու հետ գերեվարվել է եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, Շուշիի մոտակայքում: Վարյա եւ Անահիտ Թունյանները չեն հասցրել տարհանվել Պլեթանց գյուղից, եւ դրանից հետո նրանց մասին տեղեկություն չկա»,- «Ալիք մեդիա»-ին ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նա նշեց, որ ճիշտ է, Արցախի ՄԻՊ-ն ընդգրկված չէ գերիներին Հայաստան վերադարձնելու գործառույթում, բայց պաշտպանի գրասենյակի աշխատակազմը դեռեւս պատերազմի օրերից հավաքագրել եւ այսօր էլ հավաքագրում է գերեվարված եւ անհետ կորած անձանց վերաբերյալ տեղեկություններ՝ բաց աղբյուրներից եւ հարազատների հաղորդումների հիման վրա:
Գեղամ Ստեփանյանը հիշեցնում է՝ Ադրբեջանը կին ենթադրյալ գերիներից ոչ մեկի գերության հանգամանքը չի հաստատել: Հայկական կողմը, սակայն անառարկելի ապացույցներ ունի հատկապես Էլզա Սարգսյանի գերեվարության մասին: Բազմիցս գրվել է, որ նա՝ Արցախի Մարտունու շրջանի Գիշի գյուղի բնակիչ Էլզա Սարգսյանը (ծնվ. 1945 թ.), պատերազմի օրերին ամուսնու հետ հանգրվանել էր Երեւանում, պատերազմի ավարտից հետո վերադառնում էին հայրենի Գիշի, որից հետո իրենց տանող մեքենայով անհետացել են Շուշիի մերձակայքում:
Ավելի ուշ նրանց ուղեկցած տաքսու երեւանցի վարորդը երեւացել է ադրբեջանական տեսանյութերում՝ այլ գերեվարված տղաների հետ, իսկ հետո, մի խումբ գերիների հետ ռուսական միջնորդությամբ Հայաստան վերադառնալով, պատմել, որ այո՛, տարեց ամուսինները նույնպես գերեվարվել են իր հետ, բայց ինքը նրանցից ոչ մի տեղեկություն չունի, իրենց տարել են տարբեր ուղղությամբ: Այս անհերքելի փաստերն ու այլ նյութերը ներկայացվել են ՄԻԵԴ, տրամադրվել միջազգային այլ կազմակերպությունների:
ԱԺ պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանն «Ալիք մեդիա»-ին հայտնեց, որ հայ կին գերիների հարցով դիմում կա՝ ուղղված նաեւ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն է Հայաստանի կին պատգամավորների խնդրանքով դիմել Մատվիենկոյին՝ բոլոր կին ռազմագերիներին ազատ արձակելու խնդրանքով:
«Նամակում շեշտել ենք, որ գերության մեջ են պահվում Մարալ Նաջարյանն ու Էլզա Սարգսյանը, խնդրել ենք օր առաջ միջնորդել նրանց եւ չհաստատված այլ կին գերիների եւ ռազմագերիների ազատ արձակման հարցով։ Դրանից հետո Մատվիենկոն դիմել է իր ադրբեջանցի գործընկերոջը։ Մարտի 8-ի առթիվ Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել։ Ադրբեջանական կողմը համառորեն ժխտում է այլ կանանց առկայության հանգամանքը՝ պնդելով, որ այլեւս կին գերի Ադրբեջանում չկա։ Բայց մենք մեր ջանքերն այդ ուղղությամբ շարունակում ենք»,-մեզ հետ զրույցում ասաց Տաթեւիկ Հայրապետյանը:
Մարալ Նաջարյանի ազատ արձակման դեպքում, ինչպես «Ալիք մեդիա»-ին հայտնել էր գերիների հարցով զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանը, դեր է ունեցել նաեւ այն, որ դիմումները, խնդրանքները, պահանջները եղել են բազմակողմանի՝ այդ թվում, Լիբանանից, սփյուռքից:
Այս առումով նկատենք, որ ոչ միայն կին, այլ ընդհանրապես, մյուս բոլոր գերիներին ազատ արձակելու ուղղությամբ Հայաստանում եւ Արցախում այս պահին չկա հասարակական որեւէ շարժում, բողոքի համատարած ալիք, ճնշում՝ պետական մարմինների վրա, որ բոլոր միջոցները գործի դնեն եւ պահանջեն Ադրբեջանից իրագործել եռակողմ համաձայնագրի՝ գերիներին վերաբերող կետը:
Ավելին, Ադրբեջանը նույնիսկ չի հայտնում գերիների թիվը, անորոշ տվյալներ է ներկայացնում, պաշտոնապես ընդունել է միայն մոտ 100 անձի գերեվարված լինելու փաստը, մինչդեռ ՄԻԵԴ ներկայացված միջանկյալ միջոցներ կիրառելու դիմումներն անցում են 200-ը, այլ տվյալներով՝ գերիների թիվն ավելի է:
Կին գերիների հանգամանքը շեշտվում է այն առումով, որ նրանք խոցելի խմբում են, բայց ըստ մասնագետների, նկատի ունենալով, թե ինչպես է Ադրբեջանը վերաբերվում հայ գերիներին, խոցելի խմբում են ընդհանրապես բոլորը՝ 18 տարեկան զորակոչիկները, միջին տարիքի պահեստազորայինները, ծերերը, նրանք, որոնք չեն հասցրել կամ չեն ցանկացել դուրս գալ հայրենի գյուղից։
Միջազգային կազմակերպությունները բազմիցս են ահազանգել, որ Ադրբեջանը ոչ մարդասիրական վերաբերմունք է դրսեւորում հայ գերիների հանդեպ: Վերջերս բավականին սուր հայտարարություն էր արել Human Rights Watcհ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը` վերադարձած գերիների հետ զրուցելուց հետո նրանց հանդեպ խոշտանգումները համարելով պատերազմական հանցագործություն:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի նախագահ Ադամ Շիֆը բանաձեւ է ներկայացրել, որով կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց: Բանաձեւում Շիֆը անդրադարձել է նաեւ կին գերիներին. «Մեծ մտավախություն կա, որ հատկապես կին ձերբակալվածները կարող են ենթարկվել սեռական բռնության ու այլ դաժան վերաբերմունքի»։
Արցախցի եւս մեկ կնոջ հավանական գերեվարության մասին վերջերս «Ալիք մեդիա»-ին պատմել են նրա հարազատները: Դրմբոնի գումարտակի զինծառայող Իրինա Մուսայելյանի քույրը՝ Քրիստինա Աբրահամյանը, վստահ է, որ իր քույրը (ում անունն անհայտ կորածների ցուցակում է) գերի է: Հարազատները նյութեր են տրամադրել այս հարցով զբաղվող բոլոր կառույցներին: «Ալիք մեդիա» -ի տեղեկություններով, Իրինա Մուսայելյանի հավանական գերության մասին փաստեր է սկսել հավաքել «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը, որտեղից մեզ պատասխանեցին, որ նյութերն ու տեղեկությունները փորձաքննվում են, առայժմ հրապարակման ենթակա տեղեկություն չկա:
Բոլոր գերիների հարազատների հայացքն այս պահին ուղղված է Մոսկվա, որտեղ այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Փաշինյանը Պուտինին ասել է. «Շատ ուրախ եմ, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը լուծելու առումով տարընթերցումներ չունենք»: Գերիների հարազատներն անհամբեր են իմանալու՝ ինչ է նշանակում սա:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։