Շիրակի մարզի Ազատան գյուղի եզդիական համայնքից 22-ամյա Խդըր Բրոյանին պետությունը զրկել է հաշմանդամության կարգից, հետեւաբար՝ անվճար բուժօգնություն ստանալու հնարավորությունից:
Խդըրը 2020 թվականին ժամկետային զինծառայող էր Արցախի Հանրապետության Ջրականի զորամասերից մեկում։ 16 օր ու գիշեր մասնակցել է 44-օրյա պատերազմի ամենաթեժ մարտերին: 17-րդ օրը թշնամու գնդակից կոնքազդրի հրազենային վնասվածք է ստացել։ Չորս օր հողի տակ կենաց-մահու կռիվ է տվել, տղային գտել են արնաքամ եղած:
Ստեփանակերտում Խդըրին վիրահատել են, հեռացրել գնդակը։ Ապա տեղափոխել են Երեւան, որտեղ իրար են հաջորդել բազմաթիվ վիրահատությունները։ Վիճակը կայունացել է, բայց ինչպես բժիշկներն են հայտնում, Խդըրը ստիպված է լինելու ամեն 7-10 տարին մեկ պառկել վիրահատական սեղանին. տղայի կոնքազդրի ոսկորն ու խնձորակը փոխարինված են արհեստականով։
Խդըրին 3-րդ կարգի հաշմանդամության կարգ են տվել: Մի քանի ամիս քաղաքացիական հաշմանդամության թոշակ է ստացել՝ 26 հազար դրամ: Հետո դարձրել են զինվորական թոշակ՝ հասցնելով 68 հազարի:
2021 թվականին հերթական բուժզննման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հանձնաժողովը տղային հայտնել է, որ լիարժեք առողջ է, ոտքը՝ վերականգնված, պետությունն իր անելիքն ավարտված է համարում: Երբ Խդըրը զարմացել է, թե երբ պլաստիկը ոսկորի վերածվեց, պատասխանել են. «Ուր ուզում ես, դիմի՛ր, գնա Փաշինյանի՛ն ասա, մեկ է, ոչինչ չի փոխվելու»: Բրոյանները բողոքարկել են որոշումը, ՊՆ–ին են դիմել: Նախարարությունից արձագանքել են, բայց մերժումով: «Ասում են՝ դու քայլում ես: Քայլելուս դժվարությունն ու ցավը ես եմ զգում, ոչ թե իրենք»,- ասում է Խդըրը:
Խդըրի եղբայրը՝ Յուրիկ Բրոյանը, վստահ է՝ հանձնաժողովը հրաման ունի, որ աջուձախ տղաներին զրկում է հաշմանդամության կարգից: «Պետության համար, մեզ համար է գնացել, մենք դեմ չենք, բայց մենք մեր պարտավորությունն ենք կատարել, թող պետությունն էլ իրենը կատարի: Կառավարությունը մոռացավ այս երեխաներին, որոնք երիտասարդ տարիքում կես մարդ դարձան»:
Յուրիկը կոչ է անում ամենաբարձր աթոռներ զբաղեցրած անձանց վերանայել այս հարցն ու իրենց պահվածքը վիրավոր զինվորների նկատմամբ. «Սա պետությո՞ւն է, թե՞ ինչ: Եթե մեր տղան քաղաքացիական կյանքում անզգուշորեն վնասվածք ստանար, մենք ինքներս կհոգայինք բուժծառայության ծախսերը, բայց վիրավորվել է ռազմադաշտում: Տե՛ր կանգնեք այս երեխաներին»:
Խդըրի ավագ եղբայրը՝ Արմեն Բրոյանը եւս հարց է հղում «հանճարեղ» որոշման հեղինակներին. «Բժիշկը մեր տղային առավելագույնը 5 կիլոգրամ բեռ է թույլ տվել վերցնել. որտե՞ղ ու ինչպե՞ս է աշխատելու Խդըրը, որ ե՛ւ պարբերաբար վիրահատվի, ե՛ւ ընտանիք պահի: Միայն իմպլանտի արժեքը 3-3,5 միլիոն դրամ արժի, գումարած հիվանդանոցային ծախսերը»:
Նշենք, որ Շիրակի մարզում Խդըրը եզակիներից չէ, որ զրկվել է հաշմանդամության կարգից: «Ալիք Մեդիան» նման բազմաթիվ բողոքներ է ստանում՝ հարցադրմամբ, թե ինչ անի ծնողը՝ վիրավոր զավակի բուժօգնության ծախսերը հոգա, ապրուստի մասին մտածի, թե հարկերը պարտաճանաչ վճարի, որ ղեկավարության պարգեւավճարները հանկարծ չուշանան:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։