Ըստ CNN-ի՝ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմը անհանգստություն է հայտնել, որ չինական ընկերությունները Ռուսաստանին վաճառել են ոչ մահաբեր, ռազմական նշանակության ապրանքներ։
Սպիտակ տունը դիմել է պաշտոնական Պեկինին՝ իմանալու համար, թե որքանով են չինական իշխանությունները տեղյակ այդ գործարքներից։ Սպիտակ տնից շեշտել են, որ այդ գործարքների վերաբերյալ ունեն ապացույցներ, եւ նշել, որ չինական ընկերությունների կողմից Ռուսաստանին վաճառված ոչ մահաբեր ռազմական սարքավորումները ռուսական կողմը կիրառելու է Ուկրաինայում։ Մի շարք աղբյուրներ CNN-ին տեղեկացրել են, որ խոսքը զրահաբաճկոնների եւ սաղավարտների մասին է։
Ընդ որում՝ ռուսական կողմն ավելի լուրջ ռազմական օգնություն է խնդրել, սակայն չինական կողմն այդքանով սահմանափակվել է։ CNN-ի աղբյուրներից մեկը հաղորդել է, որ ամերիկյան վարչակազմում «մտահոգված են» այս ամենով, սակայն դեռեւս պարզ չէ, թե արդյոք չինական կենտրոնական իշխանություններն այդ գործարքներից տեղյակ եղել են, թե ոչ։
Նույն աղբյուրը մանրամասնել է, որ չինական տնտեսությունում տիրապետողը պետական ձեռնարկություններն են, սակայն դրանց նկատմամբ կենտրոնական իշխանությունները ամենօրյա վերահսկողություն չեն իրականացնում։ Միացյալ Նահանգներում կան նաեւ պաշտոնյաներ, որոնք համոզված են, որ չինական կենտրոնական իշխանություններն այս գործարքներից տեղյակ եբ, եւ կարծում են, որ Պեկինը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի։ Սպիտակ տանը ներկայում գնահատում են, թե ոչ մահաբեր ռազմական նշանակության ապրանքների վաճառքը Ռուսաստանին ինչ ազդեցություն կարող է ունենալ ռուս-ուկրաինական պատերազմի վրա։
Սպասվում է, որ արդեն հաջորդ շաբաթ, երբ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այցելի Չինաստան, այս հարցը եւս կքննարկվի չինացի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Եթե նախագահ Բայդենի վարչակազմում համոզվեն, որ չինական կենտրոնական իշխանությունների թույլտվությամբ կամ նրանց գիտությամբ կամ մասնակցությամբ են իրականացվել վերոնշյալ գործարքները, ապա հարկ կլինի որոշել, թե ինչ խստությամբ պետք է արձագանքել եւ ինչ հակազդող գործողություններ պետք է իրականացնել։
Ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրերին դեռեւս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել էր, որ եթե Չինաստանը որոշի ռուս-ուկրաինական հակամարտությունում աջակցել Ռուսաստանին, դա անհետեւանք չի մնա։