Ղազախստանի էներգետիկայի, ֆինանսների, ներքին գործերի նախարարների, ազգային անվտանգության կոմիտեի նախագահի համատեղ հրամանով այդ երկրից ավտոտրանսպորտի միջոցով բենզինի դուրսբերման մասին արգելքը երկարաձգվել է եւս վեց ամսով։ Համատեղ հրամանում ասվում է, որ արգելքը վերաբերում է բենզինին, դիզելային վառելիքին, նավթամթերքի որոշ տեսակների։ Բացառություն են քսայուղերը, ինչպես նաեւ այն դեպքերը, երբ բենզինը բենզաբաքի մեջ է եւ տրամադրվել է ավտոմեքենան արտադրող գործարանի կողմից։ Բացառություն կա նաեւ ավիացիոն վառելիքի համար, եթե այն նախատեսված է հավելանյութերի առնչությամբ կատարվող գիտահետազոտական աշխատանքների համար։
Ղազախստանում բազմիցս է ավտոտրանսպորտով բենզինի եւ այլ վառելիքի դուրսբերման արգելք սահմանվել։ Այսպես՝ նման արգելք սահմանվել է 2019-ի նոյեմբերին, երբ այն տարածվում էր նաեւ քսայուղերի վրա։ Արգելքը հանվել է 2020-ի ապրիլին։ Սակայն 2021-ի մայիսին այն նորից մտցվել է, որպեսզի կանխվի ներքին շուկայում բենզինի, վառելիքի այլ տեսակների եւ նավթամթերքի հնարավոր պակասուրդի առաջացումը։ Արգելքը երկարաձգվել է մինչեւ նույն թվականի նոյեմբերը։
2021-ի նոյեմբերին Ղազախստանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել էր, որ երկրի ներքին շուկայում բենզինի, դիզվառելիքի եւ վառելիքի այլ տեսակների ու նավթամթերքի գներն ավելի ցածր են, քան հարեւան Ուզբեկստանում, Ղրղզստանում եւ Ռուսաստանում։ 2022-ի մայիսին պաշտոնապես հայտարարվեց, որ եթե շուկայական ճիշտ հարաբերություններ ձեւավորվեն, ապա հնարավոր է, որ 2023-ից արգելքը հանվի։ Սակայն նույն թվականի հուլիսին վեց ամսով նավթամթերքի դուրսբերման արգելք սահմանվեց։ Այժմ էլ արգելքը երկարաձգվում է եւս վեց ամսով։