Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովն ուկրաինական Европейская правда-ին տված հարցազրույցում չի բացառել Ուկրաինայի քաղաքացիների տարհանումը Վրաստանից, եթե նրանք վտանգի տակ հայտնվեն Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ ուղիղ ավիափոխադրումների վերականգնումից եւ ռուսների՝ Վրաստան նոր զանգվածային ներհոսքից հետո։ Կասյանովը հավելել է, որ նման դեպքում դեսպանատունը Վրաստանից Ուկրաինայի քաղաքացիների զանգվածային տարհանմանն աջակցելու հնարավորությունը քննարկելու նպատակով կդիմի միջազգային գործընկերներին եւ միջազգային կազմակերպություններին։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը գովաբանել է Վրաստանին եւ նրա կառավարությանը՝ Արեւմուտքին ընդդիմանալու համար: Լավրովը նշել է, որ Արեւմուտքն իր քմահաճույքներով խոչընդոտում է Վրաստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի միջեւ երկխոսությունը:
Ի դեպ
Ռուսաստանը Վրաստանի հետ ուղիղ չվերթերը չեղարկել էր 2019-ի հուլիսի 8-ից՝ այսպես կոչված «Գավրիլովի գիշեր» անվամբ հայտնի իրադարձություններից հետո։ Ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի գլխավորությամբ ռուսական պատվիրակության ներկայությունը թբիլիսյան Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին միանշանակ չընդունվեց, ինչին հետեւեցին հակառուսական բազմամարդ բողոքի ցույցերը։
Մոսկվան պարբերաբար անդրադառնում է «համապատասխան նախապայմանների» դեպքում դեպի Թբիլիսի թռիչքների հավանական վերականգնման թեմային։
ՌԴ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը կապ չունի Վրաստան ռուսների հոսքի հետ․ Կոբախիձե
Վրաստանի ԱԳՆ-ն հունվարի 25-ին պարզաբանումների է կանչել Թբիլիսիում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովին՝ վրաց-ռուսական հարաբերությունների վերաբերյալ հայտարարությունների համար։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն էլ հայտարարել է, որ Թբիլիսին կողջունի Վրաստանի հետ Ռուսաստանի ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը, քանի որ դա կապ չունի Վրաստան ռուսների հոսքի հետ, իսկ Կասյանովի հայտարարությունը համարել է ամոթալի: