Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2022-ի դեկտեմբերին Վրաստան այցելած քաղաքացիների թվով Թուրքիան առաջին տեղում է: 2021-ի համեմատ Վրաստան այցելած Թուրքիայի քաղաքացիների թիվը աճել է 468%-ով։
Մասնավորապես, 2022-ի սեպտեմբերին Վրաստան է այցելել 90 հազար 839 (2021-ի համեմատ՝ 155,9% աճ), հոկտեմբերին՝ 90 հազար 863 (136,3% աճ), նոյեմբերին՝ 113 հազար 54 (215,9% աճ), 2022-ի դեկտեմբերին՝ 219 հազար 756 Թուրքիայի քաղաքացի (468% աճ)։
«Ալիք Մեդիա Վրաստան»-ը նշում է, որ դեկտեմբերին վրաց-թուրքական սահմանի «Սարփի»-ի անցակետում մեծ հերթեր էին գոյացել։
Ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվն աճել է 5 անգամ
Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ 2022-ին Վրաստան է այցելել Ռուսաստանի շուրջ 1,1 միլիոն քաղաքացի, ինչը 410,5%-ով ավելի է, քան 2021-ին, եւ 26,1%-ով պակաս, քան 2019-ին: Ընդհանուր առմամբ, 2022-ի ընթացքում Վրաստան է այցելել 5,4 միլիոն միջազգային ճանապարհորդ, ինչը 188,5%-ով ավելի է, քան 2021-ի հունվար-դեկտեմբերին։ Ցուցանիշները համավարակին նախորդած ժամանակաշրջանի համեմատ վերականգնվել են 58%-ով:
Ընդհանուր այցելություններից 3,6 միլիոնը եղել են զբոսաշրջային, ինչը 131,6%-ով ավելի է, քան 2021-ին: Վրաստանը 2019-ի ցուցանիշները վերականգնել է 71,9%-ով։ Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ Ռուսաստանն առաջատարն է Վրաստան իր քաղաքացիների այցելությունների թվով։ Միայն 2022-ի դեկտեմբերին երկիր է այցելել 89,5 հազար ՌԴ քաղաքացի, ինչը 385,4%-ով ավելի է 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ, եւ 37,1%-ով ավելի, քան 2019-ին։
2022-ին Վրաստան միջազգային այցելությունների առաջին հնգյակում են Ռուսաստանը (1 միլիոն 87,3 հազար, աճը՝ 410,5%), Թուրքիան (925,6 հազար, աճը՝ 183,5%), Հայաստանը (742,6 հազար, աճը՝ 350,9%), Իսրայելը (210,2 հազար, աճը՝ 108,7%), Ուկրաինան (168,9 հազար, աճը՝ 16,6%): Զբոսաշրջիկների հիմնական մասը՝ օտարերկրացիների ընդհանուր թվի 66,4%-ը, Վրաստան է ժամանել երկրի ցամաքային սահմաններով։
Այս առումով առաջատար է վրաց-թուրքական սահմանի «Սարփի» անցակետը, երկրորդ տեղում վրաց-ռուսական սահմանի «Կազբեգի» անցակետն է։ Երրորդ տեղում օդային ճանապարհով այցելություններն են՝ օտարերկրացիների ընդհանուր թվի 32,7%-ը։ Այստեղ առաջատարը Թբիլիսիի միջազգային օդանավակայանն է, որի ծառայություններից օգտվել է ավելի քան մեկ միլիոն ուղեւոր։