Թուրքիան Անկարայի դեմ դաշինքի սադրիչ գործողությունների պատճառով կարող է 5-6 ամսից լքել Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքը՝ ՆԱՏՕ-ն։ Նման կարծիք է հայտնել թուրքական «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Էթհեմ Սանջակը։ «Իրադարձությունները մեզ ստիպում են նման գործողությունների դիմել։ ՆԱՏՕ-ն իր սադրանքներով ստիպում է մեզ այդպես վարվել։ Նրանք փորձում են մեզ հակադրել մեր հարեւան Հունաստանին։ Թուրքիան 5-6 ամսից կհեռանա ՆԱՏՕ-ից։ Նրանք փորձում են ներքաշել մեզ Մերձավոր Արեւելքի հորձանուտի մեջ։ Վերջապես դուք Ղուրանի դեմ ցույցեր եք տեսնում Շվեդիայում եւ Նիդերլանդներում»,- ըստ թուրքական «Այդընլըքը»-ի՝ նշել է Սանջակը։
Ըստ թուրք քաղաքական գործչի՝ վերջին հարցումները ցույց են տվել, որ Թուրքիայի բնակչության առնվազն 80 տոկոսը վստահ է, որ «ԱՄՆ-ն այն երկիրն է, որն առավել թշնամական ու կործանարար քաղաքականություն է վարում» Թուրքիայի նկատմամբ: «Վերջին ժամանակներս թուրք ժողովուրդը սկսել է համակրել Ռուսաստանին ու Պուտինին»,- արձանագրել է քաղաքական գործիչը:
Ուժեղ ՆԱՏՕ-ն նշանակում է ուժեղ սպառնալիք Թուրքիայի գլխին․ Փերինչեք
Սանջակը համոզմունք է հայտնել, որ Թուրքիայի եւ Սիրիայի ղեկավարները բանակցությունների սեղանի շուրջը կնստեն՝ ստիպելու համար, որ ԱՄՆ-ը լքի սիրիական տարածքը։ Ըստ նրա՝ Անկարան Ասադի եւ հարեւան երկրների առաջնորդների հետ կբանակցի եւ խաղաղության համաձայնագիր կստորագրի։ «Սիրիայի տարածքից պետք է անհապաղ վտարենք ահաբեկչական կազմակերպություններին եւ ԱՄՆ-ին։ Սիրիացիներն ու թուրքերը եղբայրական ժողովուրդներ են։ Սիրիացիները արաբ ժողովուրդներից ամենամոտն են մեզ։ Պետք է ապահովենք փախստականների անվտանգ վերադարձը իրենց երկրներ։ Չեմ կարծում, որ Ասադը դեմ կլինի նրանց վերադարձին։ Կարող ենք միասին վերականգնել Սիրիան»,- հավելել է նա։
«Հայրենիք» կուսակցությունը «Դուրս գանք ՆԱՏՕ-ից» համազգային արշավի շրջանակում նախատեսում է մի շարք քաղաքների հրապարակներում սեղաններ տեղադրել համապատասխան հանրագրերի ստորագրման համար, Թուրքիայում ՆԱՏՕ-ի բազաների դեմ հանրահավաքներ ու բողոքի ցույցեր կանցկացվեն: Կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը հայտարարել է, որ «ուժեղ ՆԱՏՕ-ն նշանակում է ուժեղ սպառնալիք Թուրքիայի գլխին»: