Ըստ Reuters լրատվական գործակալության՝ 2022 թվականին գերմանական ապրանքների եւ ծառայությունների արտահանումը Ռուսաստան նվազել է 45 տոկսով՝ հասնելով 2003 թվականի մակարդակին՝ կազմելով 14,6 միլիարդ եվրո։
«Վերջին 20 տարում սա ամենացածր ցուցանիշն է»,- Reuters-ի հետ զրույցում ասել է Գերմանական տնտեսության արեւելյան կոմիտեի նախագահ Միխայել Հարմսը։ Իսկ ահա Ռուսաստանից Գերմանիա ապրանքների եւ ծառայությունների ներկրումը ավելացել է 11 տոկոսով՝ հասնելով 37 միլիարդ եվրոյի։ Մասնագետներն այս աճը կապում են նավթի եւ գազի գնաճի հետ։ Արդյունքում՝ Գերմանիայի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրային պակասուրդը եղել է 22 միլիարդ եվրո։ Դա ռեկորդային ցուցանիշ է։
Ամենաշատը Գերմանիայից Ռուսաստան արտահանվում են դեղագործական ապրանքները։ Երկրորդ տեղում մեքենաշինական ոլորտն է, հատկապես՝ գյուղատնտեսական տեխնիկան։ Միխայել Հարմսը նշել է, որ վիճակագրությունն ինքնին ցույց է տալիս ԵՄ վարած քաղաքականությունը։ Մասնավորապես, ԵՄ-ն հրաժարվել է առողջապահության ոլորտում ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների կիրառումից, իսկ ահա գյուղատնտեսության ոլորտում պատժամիջոցներ չի սահմանել՝ հաշվի առնելով, թե որքան կարեւոր է ագրարային սեկտորը գլոբալ առումով։ Ներկայացված վիճակագրության համաձայն՝ հատկապես տուժել են ավտոմոբիլաշինությունը, ավտոմեքենաների պահեստամասերի արտադրությունը, էլեկտրատեխնիկան։
Հարսմը կարծում է, որ դա կապված է ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանում գերմանական ընկերությունների՝ արտադրական հզորությունների փակման եւ ռուսական շուկայից դուրս գալու հետ։ Գերմանական տնտեսության արեւելյան կոմիտեում կարծում են, որ առկա միտումները մոտակա ժամանակներում հազիվ թե փոփոխվեն։ «Ռուսաստան գերմանական ապրանքների եւ ծառայությունների արտահանման հեռանկարները կշարունակեն մնալ մռայլ։ Պատերազմը եւ դրա հետեւանքները՝ պատժամիջոցները, ռեցեսիան եւ Ռուսաստանի բնակչության գնողունակության անկումը, ինչպես նաեւ ռուսական շուկայից գերմանական ընկերությունների հեռանալը, երկկողմ առեւտրային հարաբերությունները այնպիսի մակարդակի են հասցնում, ինչպիսին եղել էր տասնամյակներ առաջ»,- ամփոփել է Հարմսը։
Պատրաստեց Արման Գրիգորյանը