Ըստ Մոլդովայի պաշտպանության նախարար Անատոլի Նոսատիի՝ Մոլդովային անհրաժեշտ է գտնել ռազմական դաշնակիցներ եւ վերանայել ռազմավարությունը։
«Ուկրաինական իրադարձությունները ստիպեցին մեզ վերանայել ռազմավարությունը եւ պատրաստվել անվտանգության ոլորտի մարտահրավերներին։ Չեզոքության մեր կարգավիճակը այնպիսի իրավիճակ է ստեղծել, երբ ունենք պաշտպանական համակարգ, որը չի համապատասխանում ժամանակակից իրողություններին»,- տեղական Rlive ՀԸ-ի եթերում հայտարարել է նախարար Նոսատին։ Նա ընդգծել է, որ խոսքը տեղական, տարածաշրջանային եւ գոտիական ռազմական դաշինքների մասին է, որոնց միանալու կարիքն ունի Մոլդովան։
Ավելի վաղ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Politico-ի հետ զրույցում հայտարարել էր, որ Մոլդովայում ընթանում են լուրջ քննարկումներ, թե արդյոք անհրաժեշտություն չկա հրաժարվելու երկրի չեզոքությունը ամրագրող սահմանադրությունից եւ անդամակցելու ավելի խոշոր ռազմական դաշինքի։ Նախագահ Սանդուն ընդգծել էր՝ որեւէ պահի եթե որոշում կայացվի փոխելու երկրի չեզոք կարգավիճակը, դա պետք է արվի ժողովրդավարական գործընթացով։