Բաքվի մերձակայքում գտնվող Սաբունչի բնակավայրի հազարավոր բնակիչներ թունավորվում են նավթավերամշակման գործարանների թափոնների մեջ։ Ադրբեջանական Haqqin.az գործակալության լրագրողի՝ դեպքի վայրից պատրաստած ռեպորտաժում նշվում է, որ Բաքվի մերձակայքում գտնվող բնակավայրում հազարավոր բնակիչներ վաղուց արդեն այն զգացողությունն ունեն, ասես աղբանոցի վերածված իրենց տները գործող նավթահանքերի հորձանուտում են։ Մոտակայքի չորս հեկտար զբաղեցնող մազութի լճակում էլ բնակիչները կենցաղային աղբ են լցնում:
Դեպքի վայրում գտնվող լրագրողը նկարագրել է Սաբունչիում ստեղծված իրավիճակը։ «Մի քանի երեխա մեր աչքի առաջ խաղում էին աղբ արտանետող մազութի լճակի մոտ։ Հանդիպելով մեր տարակուսած եւ հարցական հայացքին՝ տեղացիները, ձեռքերն այսուայն կողմ պարզելով, ասացին, որ իրենց միշտ վտանգ է սպառնում։ Եվ խոսքը միայն նավթի մասին չէ, որը ցանկացած պահի կարող է բռնկվել: Ցեխի պատճառով գրունտային փողոցները պարզապես անանցանելի են դարձել»,- նշում է լրագրողը։ Ըստ տեղացիների՝ ամռանը սարսափելի գարշահոտությամբ ներծծված Սաբունչիում շնչելն անհնար է։
Արցախը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակած ադրբեջանական «բնապահպանները», մինչդեռ, չնկատելու են տալիս իրենց երկրում առաջացած բնապահպանական խնդիրը, որի մասին ահազանգող վերոնշյալ հոդվածը որոշ ժամանակ անց հեռացվել է Haqqin.az կայքից: