ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը «Գրահրատարակչության եւ գրադարանների» ծրագրով իրականացնում է «Տեսողության սահմանափակ կարողություն ունեցող անձանց համար բրայլյան տառատեսակով գրքերի, ամսագրերի հրատարակում, տետրերի պատրաստում, աուդիոգրքերի ձայնագրում» միջոցառումը:
«Հայաստանի կույրերի միավորում» հրատարակչությունը նախարարության աջակցությամբ 2022-ին տեսողության սահմանափակ կարողություններ ունեցող անձանց մշակութային կրթության շարունակականությանը, տեղեկություն ստանալու իրավունքի ապահովմանը միտված այս միջոցառման շրջանակում իրականացրել է մի շարք աշխատանքներ:
Բրայլյան տառատեսակով հրատարակվել են Հեկտոր Մալոյի «Առանց ընտանիքի», Վիլյամ Սարոյանի «Մայրիկ, ես սիրում եմ քեզ», «Մարդկային կատակերգություն», Աբբա Պրեւոյի «Մանոն Լեսկո», Շառլ Ազնավուրի «Քանի դեռ սիրտս բաբախում է», «Հայրս՝ այդ հսկան», Խալեդ Հոսեյնիի «Հազար չքնաղ արեւ», Սալի Ռունիի «Նորմալ մարդիկ», Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին», «Նոր ազգանվան պատմությունը», Մարկ Արենի «Քառյակը», Նարինե Աբգարյանի «Զուլալի», Լեւոն Խեչոյանի «Սեւ գիրք, ծանր բզեզ», Ռեյչլ Հոլիսի «Աղջիկ ջան, ուշքի արի», Հայկ Սիրունյանի «Չոր ապրիլ», Լուսի Մոդ Մոթգոմերիի «Աննան կանաչ կտուրներից», Ջոն Բոյնի «Տղան լեռան գագաթին» գրքերը:
Բրայլյան տառատեսակով լույս են տեսել Հայաստանի կույրերի միության գործունեությունը ներկայացնող ամսագրերի տասներկու համարները: Պատրաստվել են բրայլյան տառատեսակով գրելու համար անհրաժեշտ տետրեր:
Ձայնագրվել են աուդիոգրքեր, որոնց թվում՝ Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները», Ջոջո Մոյեսի «Աստղեր նվիրողը», «Ես մինչ քեզ», Սոմերսեթ Մոեմի «Թատրոն», Գուզել Յախինայի «Զուլեյխա», Դերենիկ Դեմիրճյանի «Պատմվածքներ», Հենրի Հագարդի «Բլոսհոլմի տիրուհին», Վազգեն Սարգսյանի «Էս ինչ եք անում, տղերք», Նիկոս Կազանձակիսի «Հույն Զոռբան»:
Այս ծրագրերի իրականացման համար 2022-ին հատկացվել է 9786,6 հազար դրամ: