Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ԵԽ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Մագդալենա Գրոնոն եւ աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով ստեղծված իրավիճակը։
«Կողմերը կարեւորել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման նոր առաքելություն տեղակայելու վերաբերյալ որոշումը՝ նշելով, որ այն կնպաստի տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովմանը»,– ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Արարատ Միրզոյանն առանձին հանդիպում է ունեցել նաեւ ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հարցերի վերաբերյալ։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայման մասին որոշումը։
ՀՀ արտգործնախարարը եւ ԵՄ բարձր հանձնակատարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ զարգացումները, անդրադարձել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Հանդիպման օրակարգում են եղել նաեւ Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցեր: