Եվրոպական ֆուտբոլային ընկերակցությունների միությունը (ՈՒԵՖԱ) տեղափոխել է Սուպերգավաթի համար անցկացվող հանդիպման վայրը ՌԴ Կազան քաղաքից Հունաստանի մայրաքաղաք Աթենք։ Որոշումը կայացվել է ՈՒԵՖԱ գործադիր կոմիտեի նիստին, որն ընթացել է տեսակապով։ ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի հաղթողների վճռորոշ հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին Աթենքի արվարձան Պիրեյում գտնվող Գեորգիոս Կարաիսկակիսի մարզադաշտում։ Այս մարզադաշտում է հանդես գալիս «Օլիմպիակոսը»։
Ռուսաստանի Կազան քաղաքը ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումն անցկացնելու իրավունքը ստացել էր 2020 թվականի մարտի 2-ին։ Ռուսաստանում, ի դեպ, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումներ երբեք չեն անցկացվել։
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո ՈՒԵՖԱ-ն ՌԴ ազգային հավաքականին եւ ռուսական ֆուտբոլային թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց ակումբներին անորոշ ժամանակով զրկել է իր հովանու ներքո անցկացվող առաջնություններին մասնակցելու իրավունքից։