ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Փրայսը նշել է, որ սննդի, վառելիքի եւ դեղորայքի պակասը, ինչպես նաեւ այլ հիմնական կոմունալ ծառայությունների մատակարարման պարբերական խափանումներն է՛լ ավելի են խորացնում վատթարացող հումանիտար իրավիճակը ԼՂ-ում:
«Կոչ ենք արել ամբողջությամբ վերականգնելու միջանցքով ազատ տեղաշարժը, ներառյալ առեւտրային եւ մասնավոր ուղեւորությունները: Պետք է ելք գտնենք այս փակուղուց, որը կապահովի այդ տարածքում բնակվող բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունը»,- շեշտել է Նեդ Փրայսը: Նա համոզմունք է հայտնել, որ առաջ գնալու ճանապարհը բանակցություններն են, եւ որ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ կայուն խաղաղության աջակցմանը: «Մենք թե՛ խոսքով, թե՛ գործով ցույց տվեցինք կողմերի հետ փոխգործակցելու մեր պատրաստակամությունը՝ լինի դա երկկողմ կամ բազմակողմ՝ ԵԱՀԿ-ի միջոցով, թե եռակողմ՝ բանակցությունների սեղանի շուրջ հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ»,- ասել է Փրայսը:
Ըստ Փրայսի՝ Միացյալ Նահանգները կշարունակի անել հնարավորը՝ կողմերի միջեւ երկխոսությունը եւ միջանցքով ազատ տեղաշարժի ամբողջական վերականգնումը խրախուսելու համար: «Մենք սերտորեն համագործակցում ենք մեր եվրոպացի գործընկերների հետ, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ընթացիկ մարտահրավերին, որին բախվում ենք Լաչինի միջանցքում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությանը եւ հակամարտությանը՝ ավելի լայն իմաստով։ Այդ պատճառով մեր տեղեկությունները ներկայացնում ենք մեր եվրոպացի գործընկերներին»,- նշել է պետքարտուղարության խոսնակը։