Ըստ ամերիկյան Bloomberg հեղինակավոր պարբերականի՝ IBM տեխնոլոգիական ընկերությունը մտադիր է 3,9 հազար աշխատակցի ազատել աշխատանքից։ Ընկերությունից կհեռանա աշխատակիցների մոտ 1,5 տոկոսը։ Նման մեծածավալ կրճատումները տեխնոհսկային կարժենա 300 միլիոն դոլար։
ԱՄՆ «Տնտեսության եւ բիզնեսի ազգային ընկերակցության» տվյալներով՝ ամերիկյան ընկերությունների մոտ 20 տոկոսը հնարավոր է նվազեցնի աշխատակիցների թիվը երկրում առկա բարդ տնտեսական իրավիճակի պատճառով, ինչն իր հերթին պայմանավորված է համաշխարհային տնտեսության մեջ զարգացման տեմպի դանդաղեցմամբ։
The Wall Street Journal պարբերականը հունվարի 24-ին գրել էր, որ Alphabet հոլդինգային ընկերությունը, որին պատկանում է Google-ը, զանգվածային կրճատումների ֆոնին կդադարեցնի Google-ի թոփ մենեջերներին հավելավճարների վճարումը։ Պարբերականը հիշեցրել է, որ այժմյան կրճատումները, որոնք արվում են Google-ում, վերջինիս պատմության մեջ ամենածավալունն են։ Reuters-ի տվյալներով՝ Alphabet-ը պլանավորում է կրճատել 12 հազար աշխատակցի՝ տեխնոլոգիական ոլորտում արձանագրված պահանջարկի անկման պատճառով։