Ըստ Macrumors-ի՝ Apple-ը եվրոպական մի շարք երկրներում սկսել է վերանորոգված iPhone 13-ների էժանացված գներով վաճառք։ iPhone 13 mini, 13 Pro եւ 13 Pro Max մոդելների վերանորոգված սմարթֆոնները ԵՄ բնակիչների համար հասանելի են 15 տոկոս զեղչով։ Բազային iPhone 13 մոդելի վերանորոգված սմարթֆոնը, սակայն, դեռեւս ձեռք բերել հնարավոր չէ։
Նախատեսվում է, որ առաջիկայում վերանորոգված iPhone-ները զեղչված գներով հասանելի կլինեն նաեւ ԱՄՆ գնորդների համար։ Apple-ը վերանորոգված է համարում այն սմարթֆոնները, որոնք կարճ ժամանակ են գտնվել օգտագործման մեջ, եւ որոնց հիմնական բաղադրիչները ընկերությունը փոխել է։ Վերանորոգված սմարթֆոններում սովորաբար փոխված են լինում էներգիայի կուտակիչ մարտկոցները, կորպուսը, լիցքավորման համար նախատեսված լրակազմային լարը։
Վերանորոգված սմարթֆոնների վրա եւս Apple-ը տարածում է երաշխիքային սպասարկումը։ Տեխնոլոգիական ընկերությունում հայտարարել են, որ օգտագործված եւ վերանորոգված գաջեթները նախքան էժանացված գներով վերստին վաճառքի հայտնվելը մանրակրկիտորեն ստուգվում են ու մաքրվում։ Որոշ դեպքերում դրանք նախնական տեսքից անճանաչելիորեն փոխվում են։