Ըստ JB Press-ի` Չինաստանը լրջորեն ավելացրել է Ռուսաստանի հետ առեւտրի ծավալները՝ ելնելով շահավետության սառը հաշվարկից։ Պեկինի համար, օրինակ, չափազանց ձեռնտու է Մոսկվայից վառելիք գնել ցածր գներով։
JB Press-ը մանրամասնում է, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո արեւմտյան երկրները Ռուսաստանի նկատմամբ չափազանց խիստ պատժամիջոցներ են սահմանել։ Արդյունքում Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ առեւտուրը 2022 թվականի հունվար-նոյեմբերին կրճատվել է 34,6 տոկոսով։
Զուգահեռաբար Ռուսաստանը սկսել է ավելի սերտ գործակցություն Չինաստանի հետ։ Ռուսաստանի` Չինաստան ներկրվող ապրանքների 77,8 տոկոսն այսպես կոչված «հանքահումքային արտադրանքն» է։ Մասնավորաբար՝ Չինաստանը մեծ ծավալներով նավթ է գնում Ռուսաստանից իր համար ձեռնտու ցածր (նաեւ զեղչված) գներով։
JB Press-ը հաշվել է, որ ապագայում ռուս-չինական առեւտրի ծավալները շարունակելու են աճել Չինաստան ռուսական վառելիքի մատակարարումների ծավալների ավելացման հաշվին։ Ինչ վերաբերում է Ռուսաստան չինական ապրանքների մատակարարումներին, ապա դրանք, ըստ JB Press-ի վերլուծաբանների, կախված կլինեն ընթացիկ տնտեսական գործոններից։
Հիշեցնենք, որ ռուսական պաշտոնական աղբյուների համաձայն` 2022 թվականին ՌԴ գլխավոր առեւտրատնտեսական գործընկերը եղել է Չինաստանը։ Երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը 2022 թվականին աճել է 28 տոկոսով։