ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բրյուսելը շահագրգռված չէ Ադրկովկասում խաղաղությամբ, ձգտում է դիտորդական առաքելության միջոցով իր դիրքերն ամրապնդել Հայաստանում եւ ճնշել ՌԴ միջնորդական ջանքերը: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ ակնհայտ է, որ Հայաստանում Եվրամիության քաղաքացիական նոր առաքելությունն ավելի մասշտաբային է լինելու, քան ԵՄ մոնիտորինգի մեխանիզմը, որը Հայաստանում գործում էր անցյալ տարվա հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին։ «Եթե Բրյուսելն անկեղծորեն շահագրգռված լիներ Անդրկովկասում խաղաղությամբ, իրենց առաքելության աշխատանքի պայմանները կհամաձայնեցնեին Ադրբեջանի հետ», -ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։
ԵՄ առաքելության հայտարարված քաղաքացիական բնույթը չպետք է մոլորեցնի
ՌԴ ԱԳՆ համոզմամբ՝ «ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կցորդի վերածված եւ ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն վարող» ԵՄ ներկայացուցիչների հայտնվելը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան եւ սրել առկա հակասությունները: ԵՄ առաքելության հայտարարված քաղաքացիական բնույթը նույնպես չպետք է մոլորեցնի. այն ձեւավորվում է ԵՄ ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության շրջանակում՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով», — հավելել են ՌԴ ԱԳՆ-ում։
ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ ռուսաստանցի խաղաղապահները կարձագանքեն Եվրամիության դիտորդների պահվածքին: «Հայաստանում ամեն գնով ամրապնդվելու, Ռուսաստանի միջնորդական ջանքերը ճնշելու Եվրամիության փորձերը կարող են վնասել հայերի եւ ադրբեջանցիների հիմնարար շահերին տարածաշրջանի խաղաղ զարգացմանը վերադառնալու նրանց ձգտումներում»,-նշված է հաղորդագրությունում։
Շեշտել են ՀՀ-ում ՀԱՊԿ-ի առաքելության օպերատիվ տեղակայման հնարավորությունը
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությանում համոզմունք են հայտնել, որ տեսանելի հեռանկարում տարածաշրջանում կայունության եւ անվտանգության առանցքային գործոնը մնում է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմը, ինչպես նաեւ հայկական սահմաններին ծառայություն իրականացնող ռուսաստանցի սահմանապահները:
ՌԴ ԱԳՆ-ում շեշտել են Հայաստանում ՀԱՊԿ-ի առաքելության օպերատիվ տեղակայման հնարավորությունը: «Արձանագրում ենք, որ ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքները տրամաբանական ավարտին չհասցնելով՝ Երեւանում գերադասել են ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի։ Եթե հայ դաշնակիցները շահագրգռվածություն կա՝ օգտագործելու ՀԱՊԿ ներուժը, ապա նրա առաքելությունը կարող է օպերատիվ կերպով տեղակայվել Հայաստանում»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում: