Լոռու մարզի դպրոցներում ուսուցչի 394 թափուր հաստիք կա։ Հատկապես գյուղական բնակավայրերում դրանք տարիներով չեն համալրվում։
Լորուտի միջնակարգ դպրոցում դասվարի, ինֆորմատիկայի, քիմիայի, կենսաբանության եւ աշխարհագրության մասնագետների կարիք ունեն։ Մինչեւ գյուղ նոր ուսուցիչներ կգան, նշված առարկաների դասաժամերը տեղի կենսաթոշակի անցած եւ դասավանդող մասնագետներն են պարապում՝ համատեղության կարգով։
Դպրոցի տասնութ մանկավարժներից ոչ բոլորը հիմնական աշխատողի կարգավիճակ ունեն։ Ինֆորմատիկայի, կենսաբանության եւ քիմիայի ուսուցիչներն, օրինակ, չեն մասնակցում ուսուցչի թափուր տեղի համար հայտարարվող մրցույթին եւ մնում են որպես ժամանակավոր աշխատողներ։ Նրանց զբաղեցրած հաստիքն էլ շարունակում է թափուր համարվել։
Ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի կարգի համաձայն՝ «անկախ պատճառներից, եթե մրցույթը չի կայանում, ապա թափուր տեղը համալրելու համար պարբերաբար (առնվազն երկու ամիսը մեկ անգամ) հայտարարվում է մրցույթ մինչեւ հաղթող ճանաչվելը»։
Լորուտի միջնակարգում արդեն 5-6 տարի նշված պարբերականությամբ մրցույթ են հայտարարում․ մասնակից չկա։
Լորուտը Թումանյան համայնքի ինը բնակավայրերից մեկն է։ Վարչական կենտրոնից գյուղը 21, մարզկենտրոն Վանաձորից 57 կմ է հեռու։ Տարածաշրջանում ապրող շատ ուսուցիչների այդ մի քանի տասնյակ կիլոմետրերը գուցե չկաշկանդեին Լորուտում աշխատանքի գնալու, եթե գյուղը որեւէ բնակավայրի հետ կապող տրանսպորտ ունենար։
Չափազանց վատ ճանապարհի պատճառով գյուղի կողմը նայող չկա։ Տեղի երիտասարդներին էլ այդ ճանապարհը տանում ու հետ չի բերում։
«Ութ ուսուցիչ ունենք, որ մեր դպրոցն են ավարտել։ Բայց այսքան տարիների ընթացքում հո միայն այդ 7-8 մա՞րդը չի ավարտել։ Գնում են, դրսում սովորում եւ հետ չեն գալիս»,- ասում է Լորուտի միջնակարգ դպրոցի տնօրեն Դավիթ Սարգսյանը եւ որպես մխիթարանք ավելացնում՝ բոլոր գյուղերում է այդպես։
Դրսից եկող կամ երթեւեկող ուսուցիչներ չունեն։ Անգլերենի եւ ռուսերենի մասնագետներն են «դրսից», բայց գյուղում են բնակվում․ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով են Լորուտ եկել։
Դավիթ Սարգսյանը տնօրեն է նշանակվել 1994-ին, երբ Լորուտի դպրոցը 248 աշակերտ ուներ։ Այդ թիվը հիմա երեք անգամ փոքր է՝ 79։ Չնայած կրթական ու շենքային պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերին՝ աշակերտների թվի մեծացման միտում չկա․ գյուղը դատարկվում է։
Լորուտի միջնակարգ դպրոց են հաճախում նաեւ հարեւան Շամուտ, Ահնիձոր եւ Աթան գյուղերում իննամյա դպրոցն ավարտած աշակերտները։ Այս ուսումնական տարում նրանց թիվն էլ մեծ չէ՝ ընդամենը 3։ Տնօրենն ասում է՝ այդ գյուղերում ավարտողներ գրեթե չկան, 2-3 աշակերտ են, որոնք կա՛մ քաղաք են գնում, կա՛մ էլ ուսումը չեն շարունակում։
«Տրանսպորտ չի աշխատում, արդեն երրորդ տարին է՝ գումար հատկացնում ենք, բայց քանի որ հասարակական տրանսպորտ, տաքսի ծառայություն չկա, խնդիր է առաջանում։ Հիմա եկող էրեխեքը Շամուտից են, մի մեքենա են վերցրել, դրանով գալիս են։ Բայց լինում է, որ եղանակի պատճառով ճանապարհը փակվում է, ու չեն կարողանում գալ»,- պատմում է Սարգսյանը։
Լեռնային գյուղի ցրտաշունչ ձմեռը մասամբ նաեւ դասապրոցեսն է խաթարում։ Խոսքը ֆիզկուլտուրայի դասերի մասին է, որոնք հիմնականում դրսում՝ մարզահրապարակում են անցկացվում։ Ու եթե արեւ չկա, պարապմունքները տեղափոխվում են դահլիճ, որը պարզապես անբարեկարգ փակ տարածք է։ Նույն պայմանները հանդիսությունների դահլիճում է՝ անձրեւաջրերից խոնավացած պատեր, առանց գույքի եւ հարդարանքի մնացած տարածք։
Վթարային դահլիճները դպրոցի երեք մասնաշենքերից մեկում են։ Երեք տարի առաջ շենքի տանիքն են թիթեղապատել, որ գոնե պատերը պաշտպանեն հոսող անձրեւաջրերից։
Մյուս՝ չօգտագործվող մասնաշենքը նախկինում տարրական օղակն է զբաղեցրել, հիմա շենքի մի հատվածում գրադարանն է։ Երրորդ՝ եռահարկ մասնաշենքը, ըստ տնօրենի, ամբողջությամբ բավարարում է դասապրոցեսի կազմակերպմանը։
«Նախկինում կաբինետային համակարգ էր, հետո ջեռուցելու խնդիր առաջացավ, ու աստիճանաբար տեղավորվեցինք ավելի փոքր տարածքում։ Եթե շարունակեինք այդպես, շքեղության կնմանվեր, հատկապես որ աշակերտների թիվն առաջվանը չէ»,- նշում է Սարգսյանը։
Չնայած գյուղից քաղաք հոսքին, ծնելիության մակարդակի եւ աշակերտների թվի նվազմանը՝ Լորուտի դպրոցում չեն դադարում կրթական նոր ծրագրեր իրականացնելու եւ պայմաններն ավելի լավը դարձնելու մասին մտածելուց։
Մոտ 20 տարի այստեղ ջեռուցման կենտրոնացված համակարգ է գործում։ Դեռ 2005-ին են ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ վերակառուցել դպրոցի հնոցը։
1999-ից սկսած՝ աջակցության տարբեր ծրագրերով դպրոցի կողքին են ամերիկաբնակ Կարո եւ Աիդա Միրիքյանները։ «Հայ կրթական միություն» կազմակերպության միջոցով նրանք տարբեր ծրագրեր են իրականացնում, որոնց մեջ դպրոցը նույնպես պարտադիր ներդրում է կատարում:
«Այստեղ ինչ որ տեսնում եք, նրանց միջոցներով է արված։ Ամեն տարի որոշակի աշխատանք է արվում՝ կախված գումարի չափից։ Անգամ 23 տարի առաջ արվածն է իրենց ներդրումներով։ Ինքը (Կարո Միրիքյանը) դպրոցի տնօրեն է եղել, կինն էլ դպրոցում է աշխատել, գիտեն, թե ինչ է դպրոցը, կրթությունը։ Բայց նախ եւ առաջ մեծ հայեր են, քանի որ ոչ միայն իրենց, այլեւ մտերիմ շրջանակների միջոցներն են ուղղում դեպի Լորուտ»,- պատմում է տնօրեն Դավիթ Սարգսյանը։
«Արմաթ» ինժեներական լաբորատորիան նույնպես բարերար ամուսինների շնորհիվ է բացվել․ ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ 3,5 մլն դրամ ներդրումը կրկին նրանք են կատարել։
Նախորդ տարի հոկտեմբերին էլ The Gurus կենսատեխնոլոգիական ընկերությունն է դպրոցին վեց համակարգիչ նվիրել։
Լորուտի դպրոցում սպասումները հիմա դահլիճների նորոգման հետ են կապված։ 2022-ի սեպտեմբերին բարերար Կարո Միրիքյանը Լորուտ է այցելել եւ խոստացել աշակերտներին, որ առաջիկա 2-3 տարում այդ խնդիրն էլ կլուծվի։ Եվ ինքն էլ նորից գյուղ կգա։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։