Բելառուսում ընդունվել է նոր օրենք, որով փաստացի օրինականացվել է թվային ցանցահենությունը։ Ըստ այդ նոր օրենքի՝ Բելառուսում թույլատրվում է օգտագործել կինոնկարներ, երաժշտություն եւ համակարգչային ծրագրեր առանց դրանց իրավատերերի հետ համաձայնության, եթե այդ իրավատերերը Բելառուսի համար «ոչ բարեկամ» հռչակված երկրներից են։
Միաժամանակ նաեւ թույլատրվում է Բելառուսի տարածք ապրանքների ներկրումը առանց օտարերկրյա իրավատերերի համաձայնության։ Այս դեպքում արդեն խոսքը ոչ միայն Բելառուսի համար «ոչ բարեկամ» հռչակված երկրների մասին է։
Վերոնշյալ օրենքի հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքը ընդունվում է` նպատակ ունենալով զարգացնելու բելառուսական հասարակության մտավոր եւ հոգեւոր-բարոյական պոտենցիալը, ինչպես նաեւ նվազեցնելու երկրի ներքին շուկայում ապրանքների կրիտիկական անբավարարությունը։
Աուդիովիզուալ ստեղծագործություն հանդիսացող ապրանքատեսակների վերաբերյալ նշված օրենքն ամրագրում է, որ նախատեսվում է դրանց օգտագործման համար պարգեւավճարների վճարում։
Օրենքում նաեւ նշվում է, որ «եթե ներմուծվող ապրանքատեսակը ներառվում է «էականորեն կարեւոր» համարվող ապրանքների ցանկում, առանց ապրանքի իրավատիրոջ հետ համաձայնության դրա ներմուծումը Բելառուսի տարածք չի համարվում հանցագործություն»։