ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին եւ ողջունում է գործընկերների, այդ թվում՝ Եվրոպական միության ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում վստահություն ձեւավորելուն եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ուղիղ երկխոսության համար նպաստավոր միջավայր ապահովելուն: «Շարունակում ենք սերտորեն համագործակցել անմիջականորեն մեր գործընկերների հետ, ինչպես նաեւ տարածաշրջանի գործընկերների հետ, երբ դա արդյունավետ է»,- ասել է Պատելը:
Լրագրողը ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչին խնդրել է մեկնաբանել Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը Հայաստանում քաղաքացիական դիտորդական առաքելություն տեղակայելու Եվրամիության որոշման առնչությամբ: «Ինչ վերաբերում է, մասնավորապես, Ռուսաստանի դերին, ԱՄՆ-ը ներգրավված չէր նոյեմբերի 20-ին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված հրադադարում, որի արդյունքում ռուս խաղաղապահներ տեղակայվեցին, ուստի ես լրացուցիչ ոչինչ չեմ կարող ասել այդ հարցի շուրջ: Բայց, իհարկե, ինչպես գիտեք, սա խիստ կարեւոր է պետքարտուղարի համար, մի բան, որի վրա նա մեծ ուշադրություն է դարձրել եւ որում խորապես ներգրավված է եղել», — եզրափակել է Պատելը: