Թուրքիայում վերջին շրջանում աճել է Գերմանիայի քաղաքացիների ձերբակալությունների, կալանավորումների եւ նրանց նկատմամբ սահմանվող՝ երկրից դուրս գալու արգելքների թիվը:
Գերմանիայի արտգործնախարարության տվյալներով ներկայում Գերմանիայի 62 քաղաքացիներ Թուրքիայի բանտերում են: Թուրքական դատարանի վճռով նրանցից 38-ին առհասարակ արգելվել է դուրս գալ երկրի սահմաններից:
Ազատազրկվածներից 14-ին «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» մեղադրանք է առաջադրված:
Այժմ՝ «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության օրոք, զգալիորեն աճել են նաեւ Թուրքիայում «ահաբեկչական համարվող կառույցին անդամակցելու կամ հարելու» կասկածանքով գերմանացիներին մեղադրանք առաջադրելու դեպքերը:
Բունդեսթագի ընդդիմադիր «Ձախ» կուսակցության թուրք պատգամավոր Սեւիմ Դաղդելենը քննադատել է Գերմանիայի ԱԳՆ-ին:
Պատգամավորը պնդել է, որ Գերմանիայի արտաքին գերատեսչությունը թաքցնում է էրդողանական ռեժիմի պատանդ Գերմանիայի քաղաքացիների մասին տեղեկությունները: Նա կառավարությունից պահանջել է խիստ պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ: