Ըստ Պենտագոնի խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհի՝ Միացյալ Նահանգները մտադիր է Ուկրաինային փոխանցել Abrams տեսակի տանկերի ժամանակակից պահանջներին համապատասխան արդիականացված M1A2 տարբերակը։ Նա մանրամասնել է, որ նշված մոդելի տանկերի պահեստավորած քանակը բավարար չէ, եւ Ուկրաինային տրամադրելու համար անհրաժեշտ քանակն ապահովելու համար հարկ կլինեն ամիսներ։ Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը չի հաստատել մամուլում հրապարակված լուրերն առ այն, որ Միացյալ Նահանգները հրաժարվել է արդեն պատրաստի տանկերը տրամադրելուց, քանի որ դրանք ունեն գաղտնի զրահապատում, որի մեջ կիրառված է սպառված ուրան, եւ դրա փոխարեն որոշել է նոր տանկեր պատվիրել արտադրողներին։
Ավելի վաղ Politico պարբերականը գրել էր, որ Միացյալ Նահանգները Ուկրաինային կփոխանցի 31 միավոր Abrams տանկեր, որոնք, սակայն, չեն ունենա գաղտնի զրահապատում, քանի դրանց արտահանումն արգելված է։ Դրա փոխարեն ուկրաինական կողմին փոխանցվելիք տանկերը կունենան այլ զրահապատում, որը թույլատրված է արտահանել։