Ըստ Bloomberg պարբերականի՝ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ուսումնասիրում է Ուկրաինային 16 միլիարդ դոլարի օգնություն հատկացնելու հնարավորությունը։ Դա լինելու է բազմամյա ֆինանսական հատկացում եւ խորհրդանշելու է Ուկրաինային միջազգային ֆինանսական օգնության տրամադրման ծավալների ավելացումը։ Հատկացվելիք միջոցները ուղղվելու են Ուկրաինայի կարիքների համար։
Նոր ֆինանսական հատկացումը կախված է մի շարք հանգամանքներից, այդ թվում՝ թե արդյոք «Մեծ Յոթնյակի» երկրներն ու Ուկրաինայի վարկատու եւ դոնոր երկրները, որոնք հանձնառություն են ստանձնել Ուկրաինայի պարտքի կայունության ապահովման հարցում, հավանություն կտան։ Անհրաժեշտ կլինի նաեւ փոփոխություններ կատարել ԱՄՀ վարկավորման կանոններում, որպեսզի հիմնադրամը կարողանա վարկավորել պատերազմի մեջ գտնվող երկրին։ Ուկրաինան էլ իր հերթին մի շարք քաղաքական հանձնառություններ պետք է ստանձնի եւ հաջողությամբ ավարտի ԱՄՀ անկանխիկ քառամսյա ծրագիրը, որը հավանության էր արժանացել անցյալ տարի։
Եթե ամեն բան հարթ ընթանա, 3-4 տարում Ուկրաինան կստանա ընդհանուր առմամբ 14-16 միլիարդ դոլար։ Ընդ որում՝ առաջին տարում նախատեսված է 5-7 միլիարդ դոլարի վճարում։ Bloomberg-ը մանրամասնում է, որ ծրագիրը հնարավոր է համաձայնեցվի արդեն ընթացիկ տարվա մարտի վերջին, իսկ առաջին վարկային հատկացումը կատարվի ապրիլին։ Եթե այս ծրագիրը վերջնական հավանության չարժանանա, ապա ԱՄՀ-ն Rapid Financing Instrument ծրագրով կարող է Ուկրաինային տրամադրել 1,3 միլիարդ դոլար։