ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնել են, որ Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակում Հայաստանում կներդրվի անտառային հրդեհների կանխարգելման իտալական մոդելը` հարմարեցնելով ռելիեֆին ու կլիմային։ Հայ եւ իտալացի մասնագետների համատեղ որոշմամբ ծրագրի կիրառումը կսկսվի Լոռու մարզում։
Փրկարարների ուսումնավարժական հրշեջ-փրկարարական պատրաստության բաժնի ավագ հրահանգիչ, փրկարար ծառայության փոխգնդապետ Սամվել Այվազյանը հայտնել է, որ Իտալիայում անտառային հրդեհների կանխարգելման եւ արձագանքման արդյունավետ տարբերակներ կան՝ որսիչներն ու արբանյակները, որոնց միջոցով հավաքվում է տեղեկություն։ «Հրդեհավտանգ ժամանակահատվածում վերլուծական կենտրոնը գրանցում է որսիչների հաղորդած տեղեկությունը, փոխանցում արձագանքող ուժերին»,- հավելել է նա։
Ըստ փոխգնդապետի՝ Հայաստանը հետաքրքրված է հատկապես համակարգչային ծրագրի այն հատվածով, որտեղ հնարավոր է մուտքագրել, օրինակ, կոնկրետ տարածքը, քամու ուղղությունն ու ուժգնությունը, օդի խոնավությունը եւ տեսնել , թե ինչպես է ընթանում հրդեհի զարգացումը։ «Ճիշտ է, մեր փրկարարներն անընդհատ շրջում են հատուկ պահպանվող տարածքներում, տեղեկացնում հրդեհի հավանականության ու վտանգների մասին, սակայն ծրագիրը կօգնի կատարելագործելու կանխարգելման հմտությունները»,- նշել է մասնագետը։