Ըստ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Տինի Կոքսի՝ Ռուսաստանը կկարողանա վերադառնալ Եվրոպայի խորհրդի կազմ, եթե զգալի փոխհատուցում վճարի Ուկրաինային, ինչպես նաեւ այն քաղաքացիներին, որոնք տուժել են մարդու իրավունքների խախտումներից։
Ստրասբուրգում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կոքսը հայտարարել է, որ Ռուսաստանի հեռացումը Եվրոպայի խորհրդից հարկ է դիտել որպես ավելի ընդարձակ գործընթացի մի մասը։
«Ոչ միայն Ռուսաստանին վռնդել են Եվրոպայի խորհրդից, այլ նաեւ Ռուսաստանն է ինքն իրեն հեռացրել քաղաքակիրթ աշխարհից»,- ընդգծել է ԵԽԽՎ նախագահը։
Նա ասել է, որ արեւմտյան քաղաքակրթության հետ երկխոսությանը վերադառնալու համար Ռուսաստանը պետք է հասկանա, որ պետք է փոխի կանոնների նկատմամբ իր վերաբերմունքը եւ հավաստիացնի, որ դա կանի։
«Ռուսաստանն իրեն չափազանց խոցելի է դարձրել՝ բացառելով իրեն քաղաքակիրթ աշխարհից։ Կրեմլը կարող է ասել, որ շատ բարեկամներ ունի, սակայն եկեք տեսնենք, թե ինչ կլինի, եթե Պուտինը Չինաստանին դիմի որեւէ խնդրանքով։ Ինչ գին կդրվի»,- նշել է Տինի Կոքսը։ ԵԽԽՎ նախագահը վստահ է, որ մի օր Ռուսաստանը կուզենա վերադառնալ։ Սակայն դրա համար պետք է վճարի։ Մասնավորապես, պետք է կատարի ՄԻԵԴ-ի բոլոր որոշումները։ Բացի այդ՝ նաեւ թանկ գին պետք է վճարի ուկրաինական ավերված ենթակառուցվածքների համար։