Իրանի արտաքին գործերի եւ ներքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլահիանն ու Ահմադ Վահիդին հունվարի 27-ի հանդիպումից հետո հաստատել են, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը անձնական դրդապատճառներով է եղել։ Իրանի ԱԳՆ-ն հայտնում է, որ այդ կապակցությամբ անվտանգության անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվել դիվանագիտական առաքելության բնականոն աշխատանքը շարունակելու համար։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հարձակումը հրահրել է վերջին օրերի հակաադրբեջանական արշավը։ Բաքուն հայտնել է դեսպանատան անձնակազմին տարհանելու մտադրության մասին եւ Իրանին պահանջել գտնել եւ պատասխանատվության ենթարկել հարձակման պատվիրատուներին։
Ըստ իրանական լրատվամիջոցների` Թեհրանում Ադրբեջանի դեսպանատուն ներխուժած եւ կրակ արձակած 50-ամյա Յասին Հուսեյնզադեն հայտարարել է, որ ապրիլին իր կինը գնացել է Ադրբեջանի դեսպանատուն եւ չի վերադարձել։ Նա բազմաթիվ անգամներ հանդիպում է խնդրել դեսպանի հետ, բայց նրան մերժել են: Հունվարի 27-ի առավոտյան տղամարդը որոշել է անձամբ գնալ այնտեղ` իր հետ վերցնելով «Կալաշնիկով» ինքնաձիգը։